ԼԼիլիթ Գասպարյան

Հայ Առաքելական Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Հայ Առաքելական Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից 

Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:
 

Նշվում է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները:

 
«Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.
 

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

 

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

 

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»,- ասված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նշել էր, որ արձանը պետք է լինի խորհրդանշական՝ 33 մետր բարձրությամբ՝ Հիսուսի ապրած տարիների չափ:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում