Չարենցի հետ անցնել ինքնաճանաչողության ճանապարհը

ՆՆունե Ալեքսանյան

Մեր պոետիկ արվեստի հանճարի 125-ամյակը ևս մեկ առիթ է՝ մի ամբողջ տարի բազմաթիվ հոբելյանական նախագծերով վերստին վերադառնալ Չարենցին և նրա հետ անցնել ազգային ինքնաճանաչողության ճանապարհն ու փնտրել հավերժական հարցերի պատասխանը: Հենց այդ սկզբունքով է նախարարությունը մշակել հոբելյանական տարվա ծրագրերը. ինչ ուղերձներ ենք հղում հանրությանը չարենցյան տարվա կրթամշակութային նախագծերով:

Չարենցի հոբելյանական պաստառը՝ Սարյանին իր հղումով և մտորումների հրավերով տարվա հաջողված խորհրդանիշ է համարում փոխնախարար Խզմալյանը: Ապրիլի 4-ին «Խաչատրյան» համերգասրահում մեծ հոբելյանական գալա համերգով ֆիլհարմոնիկը հատուկ երաժշտական բեմադրությամբ կնշի 125-ամյակը: Հենց ծննդյան օրը՝ մարտի 13-ին, պոետի տուն-թանգարանում կբացվի «Ճանապարհ գրքով. Չարենց-125 » ցուցահանդեսը, տեղի կունենա «Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը և «Ամբոխները խելագարված» բեմադրությունը: Թանգարանը նաև նախաձեռնել է Չարենցի լիակատար ժողովածուի հրատարակության խոշորածավալ նախագիծը, և դարձյալ դիմում են չարենցյան ձեռագրեր ունեցողներին՝ դրանք նվիրել կամ վաճառել թանգարանին՝ իրապես ամբողջական ժողովածու հրատարակելու համար: Նախատեսում են հրատարակել ութ կամ տասը հատոր, առաջինն արդեն ընթացքի մեջ է:

Գրողների միությունն էլ մարտի 21-ը՝ Պոեզիայի համաշխարհային օրը, կնվիրի բացառապես Չարենցին, նաև կհրատարակի «Նվիրումներ Չարենցին» ժողովածուն և մայիսին էլ չարենցյան օր կանցկացնի Ծաղկաձորում:

Չարենցյան մեծ անակնկալ է խոստանում նաև երևանյան օպերան: Առաջիկայում տեղի կունենա Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերային ներկայացման նորամուտը՝ Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ: Կարեն Դուրգարյանը լիահույս է, որ մեծակտավ այս գործը կներկայացվի նաև այլ հայտնի բեմերում: Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցն էլ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության 35 լեզվով թարգմանությունները մեկ գրքում զետեղելուց հետո նախապատրաստում է պոետի էպիգրամների գրքի տպագրությունը. գիրքը լույս կտեսնի այս տարի:

Ամբողջ տարին կնշանավորվի տասնյակ այլ խոշոր և փոքր չարենցյան նախագծերով: Փոխնախարար Խզմալյանն ընդգծում է՝ ցանկալի է, որ Չարենցին մեկնաբանելիս մարդիկ ազատ լինեն, որովհետև Չարենցն ինքնին ազատության հրավեր ու հրամայական է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում