Մայր թատրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը

ՆՆունե Ալեքսանյան

Ճիշտ մեկ դար առաջ՝ 1922-ի հունվարի 25-ին, Սունդուկյանի «Պեպո» ներկայացումով առաջին անգամ բացվեց Հայկական պետական թատրոնի վարագույրը: Մեկ դար անց, Սարյանի հռչակավոր մեծանկարի ներքո, որով զարդարված էր պետական թատրոնի վարագույրը, մշակույթի բոլոր ոլորտների ներկայացուցիչներն ու դիվանագետները սունդուկյանցիների հետ նշում են թատերական մեծ հոբելյանը: Մայր թատրոնը ձևավորվեց և կայացավ թատերական տիտանների շնորհիվ, և նախարար Դումանյանը երախտիքի խոսքեր է հասցեագրում մեծերի հիշատակին:

Հայաստանի գլխավոր թատրոնը մի ամբողջ 100-ամյակ վերապրել է սեփական երկրի ու ժողովրդի ճակատագիրը, բեմահարթակ բերել վայրիվերումներով լեցուն ազգային պատմությունը և դրանք վերածել թատերական նվաճումների: Այսօր էլ անցյալի այդ մեծ պատասխանատվությամբ թատրոնը շարունակում է թատերական մթնոլորտ ու գեղագիտություն թելադրել:

Թատրոնը մեռնել-հառնելու կարողություն ունի և, անցնելով տասնյակ մեծ ու փոքր ճգնաժամերի միջով, այսօր դարձյալ շարունակում է իր ազնիվ առաքելությունը՝ փաստում է Սունդուկյանի գեղարվեստական ղեկավարը:

Թատրոնն այսօր գեղարվեստական նոր վերելքի փուլում է՝ նշում է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ինչի վկայությունն է համարում «Բլեք բոքսը», շենքային պայմանների բարեփոխումն ու նոր նախագծերը, ինչպես նաև «Դասարան + դասական» կրթամշակութային ծրագրի մեծ հաջողությունը, որն արդեն պետական ծրագիր է համարվել:

Հոբելյանական տարում սունդուկյանցիները խոստանում են մեծ պրեմիերա, հոբելյանական նախագծեր և ամփոփելով առաջին 100-ամյակը՝ վստահորեն ընդառաջ են գնում երկրորդին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում