Իրանը չի հանդուրժի իր հարևանությամբ ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը. Ռայիսի

ԴԴավիթ Մուրադյան

ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

«Պաշտոնական Բաքուն չի բացառում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու համար»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Նա նշել է, որ Ադրբեջանը կողմ է բանակցությունների միջոցով հարցերը լուծելուն՝ հավելելով, թե ներկայումս պետք է ուշադրություն դարձնել եռակողմ հայտարարությունների կետերի իրականացմանը՝ առանձնացնելով «հաղորդակցության բացումն ու սահմանների սահմանազատումը»։

ԻՐԱՆԸ ՀՀ-ԻՆ ԿԱՊՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Իրանը Հայաստանին կապող հաղորդակցությունների գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ առաջիկայում բոլոր խնդիրները կլուծվեն:

Ռոստամ Ղասեմի (ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար) - Փոխնախարարներին տրված հատուկ հրամանով՝ Նորդուզից Հայաստան ճանապարհի և Կովկասյան միջանցքի խնդիրը կլուծվի, և շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ ուղիների քարտեզն ամբողջությամբ կփոխվի: Նրանք, ովքեր դավեր էին նյութում այս հարցում, պետք է իմանան, որ մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, բայց այս ամենի արդյունքում այրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի:

ԻՐԱՆԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ կառուցողական համագործակցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկեցության և տնտեսական զարգացման կարևոր նախապայմանն է՝ հավելելով, որ «Կովկասյան տարածաշրջանն այդ սերտ համագործակցության լավ օրինակ դառնալու ներուժ ունի»: «Իրանն իր ազգային շահերի հարցում զգոն է: Մեր հարևանությամբ սիոնիստական ռեժիմի և «Իսլամական պետության» նման ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը հակասում է երկրների կայունությանը և տարածաշրջանի անվտանգությանը, և Իրանը չի կարող հանդուրժել դա»,- ընդգծել է Ռայիսին:

ԱՎՍՏՐԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ

Ավստրիայի հակակոռուպցիոն դատախազությունը հետաքննություն է սկսել կանցլեր Սեբաստիան Կուրցի նկատմամբ: Նա կասկածվում է 2016-2018 թթ. ֆինանսների նախարարության բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման համար: Կուրցը հերքել է բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ հետաքննությունը սկսվել է առանց որևէ հստակ հանցանշանի: Նա հայտարարել է, որ չնայած սկսված հետաքննությանը, չի պատրաստվում հեռանալ կանցլերի պաշտոնից:

ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը նվազել է՝ հասնելով պաշտոնավարումից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշին: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Քվինիփեքի համալսարանի անցկացրած հարցման արդյունքները: Բայդենի գործունեությունը բացասական է գնահատել հարցվածների 53%-ը, իսկ դրական՝ միայն 38%-ը: Հարցման արդյունքների համաձայն՝ Միացյալ Նահանգների քաղաքացիներն առավելապես դժգոհ են միգրանտների և ԱՄՆ հարավային սահմանի հարցում Բայդենի դիրքորոշումից, Աֆղանստանի հետ կապված ԱՄՆ քաղաքականությունից և տնտեսական խնդիրներից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում