Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների զարգացումները

ԱԱրթուր Խաչատրյան

Տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս շաբաթ չափազանց կարևոր օրինագծեր ընդունեց: Կոնգրեսականները պահանջում են Վաշինգտոնին միջամտել, որպեսզի Բաքուն ազատ արձակի գերիներին, պետքարտուղարությանն ու Պենտագոնին էլ տալ կես տարի՝ «Բայրաքթարներում» ամերիկյան արտադրության պահեստամասերի կիրառման մասին զեկույցի համար։

Փաստաթուղթը շեշտում է Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի և արգելված զինատեսակների կիրառումը։ Ընդունված օրինագծերում ասվում է, որ Բաքուն դեռ աջակցություն է ստանում Վաշինգտոնից, չնայած հենց այդ երկիրն է սկսել Արցախի դեմ հարձակումը: Կոնգրեսականները պահանջում են օգնել ոչ թե Ադրբեջանին, այլ Արցախին, ի դեպ, փաստաթղթում օգտագործելով թե ԼՂ, թե Արցախ անվանումները: Ներկայացուցիչների պալատի ընդունած մեկ այլ փաստաթղթով Վաշինգտոնին առաջարկվում է թուրքական «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական խմբավորում:

Այս դրույթները դեռ պետք է վավերացվեն Սենատում, հետո դրվեն ԱՄՆ նախագահի սեղանին: Բայդենի ստորագրությունը փաստաթղթերի տակ կնշանակի ԱՄՆ քաղաքականության փոփոխություն մեր տարածաշրջանում:

Սենատում քննարկումների ընթացքին և օրինագծերի ճակատագրին կարող ենք հետևել հոկտեմբերին, մինչ այդ Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն է նկատվում տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկի՝ Թեհրանի վարքագծում: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Իրանի քաղաքականության փոփոխությունը հետևանքն էր ադրբեջանական սադրանքի: Սկզբում Որոտանի հատվածում ադրբեջանցիները ձերբակալում են իրանցի վարորդների, հետո տարածաշրջան են բերում պակիստանյան ուժեր՝ եղբայրական Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ զորավարժության համար:

Այս զարգացումներին Թեհրանի արձագանքը իրանական ոճով էր՝ ուժի պատասխան ցուցադրություն՝ զորավարժություններ Ադրբեջանի սահմանին մոտ ու պատկերավոր նկարագրություն՝ առյուծի պոչի հետ խաղալու վտանգների մասին:

Բաքու-Թեհրան լարման ուժեղացման մասին Արթուր Խաչատրյանն է պատմում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում