Սունդուկյանցիները «Դեկամերոնը» ներկայացրել են Սիբիուի թատերական փառատոնին

ՆՆունե Ալեքսանյան

Ռումինիայի մշակութային մայրաքաղաքի՝ Սիբիուի թատերական փառատոնում, մեծ հաջողությամբ հանդես է եկել Սունդուկյան թատրոնի թատերախումբը՝ Լիլի Էլբակյանի «Դեկամերոն»  ներկայացումով: Սիբիուի փառատոնը, որ Եվրոպայի 3-րդ խոշոր ու հեղինակավոր թատերական ստուգատեսն է, հայտնի է մասնակիցների բծախնդիր ընտրությամբ ու կազմկոմիտեի խիստ պահանջներով: Քաղաքը փառատոնի ընթացքում վերածվում է մի մեծ ու ստեղծագործական հարթակի:

«Սեր, խրախճանք, ժանտախտ» աշխատանքային վերնագրով բեմադրությամբ Լիլի Էլբակյանը  վերադարձել էր իր նախընտրած թեմային. տարիներ առաջ որպես դիպլոմային ներկայացում բեմադրել էր Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Այժմ զուգահեռներ անցկացնելով 1348 թվականի Ֆլորենցիայի և 21-րդ դարի աշխարհի խելագար ռիթմի միջև, փաստում է՝ սա պատմություն է, որ պարբերաբար կրկնվում է և միշտ է արդիական: Ներկայացման առանցքում մաքրագործման  գաղափարն է:

Ի սկզբանե ներկայացումը ստեղծվել էր փոքր՝ կամերային բեմերի համար, բայց համավարակով պայմանավորված՝ ներկայացվում էր բացօթյա տարածքում: Նորամուտի ընթացքում այն  նախատեսված էր ընդամենը 50 հանդիսատեսի համար, բայց շատ արագ ընդլայնեց լսարանը: Սիբիուի փառատոնում էլ օրեր առաջ սպառվել էին բոլոր տոմսերը:

Նաև եվրոպական փառատոնի հաջողությունն արձանագրելով՝ Վարդան Մկրտչյանը փաստում է՝  սունդուկյանցիները համավարակին հակադարձում են նոր գաղափարները, պահանջված ներկայացումներն ու փառատոնային հաջողությունները: Արդեն հոկտեմբերին «Դեկամերոնը» կմասնակցի նաև Լեհաստանի Դիալիստոկ քաղաքի միջազգային թատերական փառատոնին, թատրոնում լիահույս են՝ դարձյալ անշլագով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում