Հակառակորդը փորձում է վիժեցնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը

ԱԱրման Գալոյան

Ադրբեջանի կողմից Հայաստանի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու նպատակը մեկն է՝ անընդհատ լարվածության մեջ պահել Հայաստանն ու Արցախը՝ ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ու հավելեց, որ հակառակորդը նման գործողություններով իր օրակարգն է ցանկանում թելադրել:

Տարոն Հովհաննիսյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Ադրբեջանը նման գործողություններով փորձում է կասկածի տակ դնել ՌԴ խաղաղապահ ուժերի հեղինակությունը:

Ադրբեջանի այս քաղաքականությունը չի զարմացնում քաղաքագետ Նարեկ Մինասյանին: Նրա խոսքով՝ սա Ադրբեջանի կողմից եռակողմ պայմանավորվածությունների չկատարման հերթական դրսևորումն է:

Նարեկ Մինասյան (քաղաքագետ) - Այս քաղաքականությունը նոր չէ, քանի որ այն շարունակվում է նաև Արցախում՝ ռուս խաղաղապահների դեմ: Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ստվերել ռուսական կողմի ջանքներն ու ներդրումը՝ տարածաշրաջնում իրավիճակի կայունացման ու խաղաղության հաստատման գործում:

Հակառակորդի գործողությունների հիմքում փորձագետները նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը վիժեցնելու միտում են տեսնում:

Տարոն Հովհաննիսյան («Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ) - Ադրբեջանը չունի ապաշրջափակման օրակարգ, Ադրբաջանն ունի իր համար ցանկալի տրանսպորտային ուղիները ստանալու օրակարգ:

Նարեկ Մինասյան (քաղաքագետ) - Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ փաստում են, որ Բաքուն որևէ կերպ շահագրգռված չէ տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացով, և հենց Բաքուն է տորպեդահարում այս գործընթացը:

Վերջին շրջանում Արցախի հիմնախնդիրը բանակցային սեղան վերադարձնելու քննարկումներն ակտիվացել են, ինչը, ըստ Նարեկ Մինասյանի, փորձում է կանխել Ադրբեջանը:

Նարեկ Մինասյան (քաղաքագետ) - Վերջին շրջանում բավականին ակտիվացել են բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ իրականացվող քայլերը և ճնշումները, այդ թվում՝ Բաքվի նկատմամբ: Ինչպես հայտնի է՝ համանախագահող երկրների ղեկավարների միջև բավականին ինտենսիվ շփումեր են տեղի ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Փորձագետներն արձանագրում են՝ Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան համարժեք գնահատականի, հակառակ դեպքում Բաքուն կարող է դառնալ ավելի անկանխատեսելի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում