Տնտեսական աճի ցուցանիշը ներկայացվում է գնաճի էֆեկտը «մաքրած» վիճակում. աճը 13.1% է

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021-ի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը 2020-ի 2-րդ եռամսյակի համեմատ կազմել է 13.1% ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ճշգրտմամբ՝ տնտեսական աճի ցուցանիշը ներկայացվում է գնաճի էֆեկտը «մաքրած» վիճակում: Այսինքն, 13.1%-ը հենց իրական աճն է: Եթե պարզապես անվանական ՀՆԱ-ն համեմատվեր, աճը կլիներ 20% կամ ավելի, բայց տվյալ դեպքում կարևորը իրական արդյունքն է: Վերականգնվող տնտեսության ցուցիչ: ՀՆԱ-ի առկա աճը տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ այսդպես բնութագրեց՝ նաև նշեց, այս տարի գնաճը բավական բարձր է, բայց ՀՆԱ-ի ներկայացված ցուցանիշները համադրելի թվերն են գնաճի ցուցանիշների հետ

Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Մենք գործ ունենք, այո տնտեսական աճի հետ, բայց սա ավելի շատ վերականգնողական աճ է: Այս տարի տնտեսությունը համաչափ աճում է: Կիսամյակի ընթացքում ունեցել ենք 5 տոկոս աճ, նախորդ տարի 4, 7 տոկոս անկում: Կիսամյակի համար ունենք 0,3 տոկոս աճ:

Ավելացնում է՝ դա չի նշանակում, որ արդեն դուրս ենք եկել ճգնաժամից: Ըստ Բաբկեն Թունյանի՝ մի քանի օր առաջ արած ֆեյսբուքյան գրառման՝ աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոց. ապահովագրություն» և «մշակույթ զվարճություններ և հանգիստ» ոլորտների։
Իսկ ամենաբարձրը՝ 3 անգամ, գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում:

Դրական տեղաշարժի օրինակներ բերում է նաև Բագրատ Ասատրյանը, նշում՝ ստեղծված իրավիճակում սա գուցե լավ ցուցանիշ է, բայց բավարար չէ: Խնդիրները լուծելու համար պետք է լուծել ժողովրդագրության հարցը, ներհոսքը ավելի շատ լինի, քան արտահոսքը, իսկ դրա համար էլ պետք են մեգածրագրեր, որոնք այս պահին դեռ չկան:

Բագրատ Ասատրյան - Շինարարությունը լավ է, որ դրական թվերով արդյունքներ ունենք, էս կիսամյակ նախնական տվյալներով 10-11 տոկոս աճ ենք ունեցել: Վերականգնողական աճով բնութագրվող մյուս ոլորտներն են առևտրի շրջանառությունը, սպասարկման ոլորտը, զբոսաշրջությունը:

Նշում է՝ այս ոլորտները կրկին վտանգի առջև են՝ համավարակի տարածվածությունը հաշվի առնելով: Ոլորտներից առանձնացնում է արդյունաբերությունը, նշում՝ ՀՆԱ-ի ցուցանիշի վրա որոշիչ ազդեցություն ունի:

Բագրատ Ասատրյան - արդյունաբերության մեջ էլ՝ հանքարդյունաերությունը: Ես կառանձնացնեի նաև գյուղատնտեսությունը, սա և արդյունաբերությունը 2 տարի է դրական թվերով են բնութագրվել: գյուղատնտեսության 1,2, 3 տոկոս աճը բավարար չէ, մեկ շնչին բաժին ընկնող արտադրանքը կոպեկներ են:

Արտադրողականության խնդրին Ազգային ժողովում անդրադարձել է նաև վարչապետը: Նրա խոսքով՝ չնայած ՀՆԱ-ում գյուղատնտեսության ոլորտը մեծ տեղ է զբաղեցնում, բայց արտադրողականությունը շատ ցածր է՝ ժամում 3 դոլար:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս բանաձևը ցույց է տալիս  բովանդակությունը, որ ժողովրդի հետ շփվող պատգամավորները առնչվում են, քաղաքացիներն ու գյուղացիները հաճախ են ասում՝ առավոտից երեկո աշխատում ենք, բայց արդյունքնը չենք տեսնում, այս նախադասությունը եթե ձևափոխենք բանաձևի, կստացվի արտադրողականությունը:

Առանձին ուսումնասիրությամբ ու համեմատության՝ վարչապետը նշում է՝ այդպես բոլոր ոլորտներում է: Ռազմավարական նշանակություն ունի նաև արտադրողականության բարձրացումը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - ՀՀ-ում արտադրողանակությունը կազմում է 6,8 դոլար՝ մեկ ժամվա ընթացքում, ինչը ՀՆԱ-ի համար շատ վատ ցուցանիշ է, օրինակ ներկայացրեց՝ ՌԴ-ում այդ ցուցանիշը 11,7 դոլար է, իսկ ԵՄ երկրներում միջինացվածը՝ 42,7 դոլար։ 

Ըստ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կանխատեսման՝ 2021թ-ին ՀՆԱ-ն կարձանագրի 8,5 -9 տոկոս աճ: Հիշեցնենք, 2020թ-ին համավարակի պատճառով ունեցել ենք 7,5 տոկոս անկում, 2019թ-ին՝ 7,6 տոկոս աճ՚: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Կառավարության թիրախում է մինչև 2026 թ. ապահովել տարեկան նվազագույնը 7 տոկոս ՀՆԱ աճ, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ այն հասցնել 9 տոկոսի:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում