Հայ գիտնականները ստեղծել են օձի հակաթույն

ՔՔրիստինե Ոսկանյան

Դեպքը տեղի է ունեցել հենց տան բակում՝ Նուբարաշենում: Տարվա այս եղանակին օձերը համեմատաբար ավելի ագրեսիվ են լինում: 2020-ին օձի խայթոցով 36 մարդ էր հիվանդանոց տեղափոխվել, այս տարի՝ առայժմ 25: էնդեմիկ այդ սողունի խայթոցի դեմ հայ բժիշկները պայքարում են ուզբեկ գիտնականների ստեղծած դեղամիջոցով՝ անտիգյուրզինով: Դեռևս այս դեղամիջոցն է թույնի դեմ պայքարի միակ տարբերակը: Ուզբեկական դեղարտադրող ընկերությունը երբեմն մեծ դժվարությամբ է տարբեր երկրների պահանջարկը բավարարում: 

Շավարշ Մելքոնյան - («Արմենիա» ԲԿ սուր թունավորումների կենտրոնի ղեկավար) - Շիճուկի քանակը քիչ է լինում, չի հերիքում:  Պետությունը մեծ գումարներ է ծախսում, որ տարվա կտրվածքով հակաթույն ունենանք:

Որպեսզի անհրաժեշտ դեղամիջոցը երկիր բերելու համար պետությունը մեծ գումար չծախսի, ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողները պետության ֆինանսավորմամբ գործի են անցել ու շատ լուրջ ձեռքբերում գրանցել: Թունաբանության լաբորատորիայում տարիների աշխատանքի շնորհիվ օձի հակաթույն են ստեղծել: 

Գայանե Կիրակոսյան (կենսաբանական գիտությունների թեկնածու) - Մշակվել է հայկական գյուրզայի թույնի դեմ հակաթույն, պատրաստի արտադրանք է:

Նոր մշակած դեղամիջոցի արդյունավետությունն արդեն ստուգել են ու առաջին փորձարկումն իրականացրել ֆիզիոլոգիայի ինստիտուտի բակում պահվող ոչխարի վրա, արդյունքներն էլ հրապարակել հայտնի գիտական ամսագրերում: Առաջիկայում պատրաստի շիճուկը կներարկեն նաև օձերի թիրախում հայտնված մարդկանց:

Գայանե Կիրակոսյան - Հակաթույնը բոլոր միջազգային ստանդարտներով համապատասխանում է հակաթույներին ներկայացվող պահանջներին, պատրաստ է անցնելու նախակլինիկական փորձաքննություն:

Նախակլինիկական փորձաքննությունից հետո հայ գիտնականների մշակած հակաթույնը պատրաստ կլինի արտադրության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում