Հայ գիտնականները նախաձեռնել են Արցախի մշակութային ժառանգությանը հետևելու միջազգային առցանց հարթակ

ՎՎարդան Հովսեփյան

44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմի բռնազավթված տարածքների, արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների ընթացիկ վիճակի փոփոխություններին այսուհետ հնարավոր է հետևել monument watch կայքէջի միջոցով:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի համահեղինակները Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր, դասախոս Աննա Լեյլոյանը և ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն են: Նման հարթակ ստեղծելու անհրաժեշտության գաղափարն առաջացել էր դեռևս քառօրյա պատերազմի օրերին, իրականացվել Արցախյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո՝ ծրագրի մեջ ներառելով հնագետների, ճարտարապետների, մշակութաբանների, հայագետների: Նախաձեռնության նպատակն է ստեղծել անկախ ակադեմիական հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները:

Աննա Լեյլոյան, «Եկմալյան» ծրագրի գիտական ղեկավար - Այն տարածքները, որոնք այսօր անցել են Ադրբեջանի հսկողության տակ, այդ տարածքներում ունենք նման խնդիր: Այսինքն՝ մի շարք հայկական հուշարձաններ ուղղակիորեն կլինեն իսպառ վերացած, նրանցից հետք չի մնա, և Դուք տեսաք, դրա օրինակները մեզ շատ տեսանելի են եղել և հասանելի են եղել: Այսօր մենք ահազանգեցինք, Շուշիի մերձակայքի գերեզմանոցներից մեկում նմանատիպ ոչնչացում և բնաջնջում էր տեղի ունեցել:

Հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ կայքն ահազանգում է և կանխարգելիչ դեր է կատարում նույնքան հանցավոր այլ գործըթացի դեմ՝ հայկական հուշարձանների վերափոխման, վերաիմաստավորման և դրանց մշակութային նշանակության փոփոխության:

Աննա Լեյլոյան - Հանվում են, ջնջվում են հայկական արձանագրությունները, վերափոխվում են քանդակները, պատկերագրական որոշակի կանոններով արված խաչերը և այլն, որոնք որ կարող էին տալ այդ հուշարձանի ազգային պատկանելիությունը:

Եռալեզու կայքէջի կարևորագույն առաքելություններից է այցելուին հուշարձանների անձնագրային բոլոր տեղեկությունները ներկայացնելը՝ դրանով բացառելով և կանխելով ապատեղեկատվություն տարածելու Ադրբեջանի քաղաքականությունը:

Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչի մասին ահազանգել են բազմաթիվ անգամ: Արդյունքում՝ ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը:

Կայքի «Ահազանգ» հատվածում այցելուն կարող է տեղեկանալ Ադրբեջանի իրականացրած և մինչև այսօր շարունակվող մշակութային ցեղասպանության օրինակներին, որոնք հենց ադրբեջանցիներն անթաքույց կերպով տեղադրում են սոցիալական ցանցերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում