Աուտիզմ ունեցողներին աջակցության պետական ծրագրերը

ՌՌոզա Խաչատրյան

Գագիկը «Իմ ուղին» ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնի աուտիզմի համախտանիշ ունեցող շահառուներից է, պատմում է իր ամենասիրելի զբաղմունքներից մեկի մասին: Ասում է՝ եթե տեսնեք կարմիր օճառ՝ վանիլի բույրով՝ իր ձեռքի գործն է: Նաև խոհանոցում է սիրում լինել, հաճույքով հունական աղցան է պատրաստում:

Սոնա Պետրոսյան («Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձու) - Երեխաները զբաղվում են մուզթերապիայով, ֆիզիկական կուլտուրայի դասերով, կավագործությամբ ու այգեգործությամբ են զբաղվում: Ունենք խմբակներ, որոնք նախատեսված են ամեն երեխայի անհատական կարիքներին համապատասխանեցված դասերի համար:

Աուտիզմի համախտանիշը զարգացման խանգարում է, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին 3 տարիներին և ուղեկցում ողջ կյանքում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է սոցիալ-հոգեբանական ծառայություններ տրամադրել նման համախտանիշ ունեցող անձանց։

Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Այն հասարակական կազմակերպությունը, որը շահել է լոտը, պարտավոր է մատուցել ծառայություն աուտիզմ ունեցող անձանց համար: Ապահովել նրանց զբաղվածությունը, սոցիալ-հոգեբանական տարբեր թերապիաներ, շաբաթական որոշակի ժամեր և այլն:

Ցերեկային կենտրոնում շահառուների մի մասը դեռահաս է, մյուս մասը՝ ավելի բարձր տարիքի են: Մասնագետները ձևավորում և զարգացնում են աուտիզմ ունեցող անձանց ինքնասպասարկման, կենցաղավարման և ինքնուրույն կյանք վարելու հմտությունները։

Տաթևիկ Ստեփանյան - Ընդհանուր լոտով ծառայություն է մատուցվում 160 շահառուի: Մի լոտը Լոռու մարզում է, մյուսը՝ Արմավիրի մարզում է, և 2 լոտ Երևանի համար իրականացնում է «Աուտիզմ ազգային հիմնադրամը»:

Կենտրոնի հենց մուտքի մոտ դրված են սաների անհատական աշխատանքները՝ մեծ մասը վաճառվում է ցուցահանդեսների ընթացքում, հասույթով կրկին անհրաժեշտ նյութեր են գնում, որ կիսատ մնացած աշխատանքները շարունակվեն:

Նելլի Հունանյան (Կիրառական վարքային վերլուծության ծրագրի ղեկավար) - Հիմա Տրդատը պատրաստում է բացիկ, որի վրա հնարավոր է ասեղնագործել:

Դասերի ընթացքում յուրաքանչյուրին անհատական մոտեցում են ցուցաբերում: Ֆիզիկական կուլտուրայի ժամին և՛ խմբակային, և՛ անհատական խաղերի միջոցով փորձում են ակտիվացնել:

Գևորգ Կարսնյան (Կինեզիստ) - Երեխաներն ակտիվանում են, տրամադրությունները սկսում է բացվել, փոփոխվել որոշ չափով: Շատ դրական էմոցիա են տալիս քեզ էլ:

Դասասենյակներից մեկում այգեգործության ժամ է, հարևանությամբ՝ կավագործության, մյուսում՝ ձեռագործ թուղթ են պատրաստում:

Երաժշտական և արտթերապիաներին այստեղ բոլորը մասնակցում են սիրով: Դաշնամուրը Ռաֆիկի տարերքն է: Նվագում է բոլորի համար:

Որպես խրախուսանք՝ սաներին հնարավորություն են տալիս որոշ ժամանակ անցկացնել զգայական սենյակում: Այստեղ գալիս են հաճույքով՝ մասնագետների հետ նոր թերապիաներ անելու և երաժշտություն լսելու:

Նելլի Հունանյան - Զգայական սենյակը կիրառվում է տարբեր վարքային խնդիրների ժամանակ՝ վարքը կարգավորելու նպատակով: Այսինքն՝ այն տարբեր նպատակներով է իրականացվում, շատ հարմարավետ է:

Այստեղ տրամադրվում են նաև մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, կազմակերպվում մշակութային միջոցառումներ։ Կենտրոնում նշում են՝ ուրախ կլինեն, որ մայրաքաղաքում իրենց կազմակերպությունը միակը չլինի: Նման համախտանիշ ունեցող բոլոր մարդիկ պետք է պատշաճ սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում