Միասին մենք կհաղթահարենք ամեն ինչ

ՆՆարե Ոսկանյան

Հիվեն Հերվան (փախստական) - Աշխատել, աշխատել, աշխատել, մտածել, թե ինչ կարող ես անել:

Չհուսահատվելու ու աշխատանքով առաջ գնալու ցանկությամբ Հիվենը Աֆրիկայից եկավ Հայաստան: Փախստականի կարգավիճակ ստանալով՝ շուրջ երեք տարի այստեղ պար ու ֆրանսերեն է դասավանդում, մինչև փախստական դառնալը իր երկրում զբաղվել է քաղաքականությամբ:

Հիվեն Հերվան - Ֆանտաստիկ երկիր է, լավ մարդկանցով: Հիմա այն իմ երկրորդ տունն է, և ինձ դուր է գալիս այստեղ ապրելն ու աշխատելը:

Դժվար է ընտանիքը թողնել ու հայտնվել մի երկրում, որտեղ պետք է սկսես 0-ից, բայց պետք ուժեղ լինել: Ասում է Հիվենը:

Հիվեն Հերվան - Փորձել ինտեգրվել, սովորել, չհուսահատվել: Դա դժվար է:

Հիվենի խոսքով՝ ցանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել գիտելիքի շնորհիվ: Համալսարանում ֆրանսերեն էր սովորել. Այստեղ դարձավ ապրուստի միջոց:

Պատմում է՝ պետությունն աջակցեց, որպեսզի սովորի նաև հայերեն, ճանաչի հայկական մշակույթը ու հեշտ ինտեգրվի: Ուրախ է, որ ինքն էլ այսօր իր երկրի մշակույթն է պարերի միջոցով փորձում ճանաչելի դարձնել հայ աշակերտներին:

Հիվեն Հերվան - Ես այն չեմ սովորել. իմ երկրում երաժշտությունը, սպորտը, պարը երակներով հոսում է:

Բակում գրեթե բոլորն են նրան ճանաչում.

Խորհուրդ է տալիս փախստականներին՝ աշխարհի որ անկյունում էլ լինեն, չկորցնեն ժպիտը ու ավելի լավ ապրելու հույսը:

Փախստական ճանաչվելուց հետո Հիվենը շուրջ մեկ ու կես տարի ապրել է Միգրացիոն ծառայության ինտեգրման կենտրոնի սոցիալական տներից մեկում: Ինչպես Հիվենը, այնպես էլ փախստականի կարգավիճակ ստացած շատ այլ անձինք մեր երկրում օգտվում են այդ հնարավորությունից, ապա նրանց առաջարկվում է մեկ այլ ծրագիր՝ բնակարանի վարձակալման: Այս դեպքում պետությունը շուրջ 9 ամիս 60 հազար դրամի չափով փոխհատուցում է տալիս: Կազմակերեպվում են նաև լեզվի ուսուցման, քաղաքացիական կողմնորոշման, ինտեգրմանը խթանող ծրագրեր՝ գործընկերներ կազմակերպությունների ներգրավմամբ: Ադրբեջանից բռնագաղթածների՝ տարիներով չլուծված բնակապահովման խնդիրը ևս ուշադրության կենտրոնում է: Այդ անձանց բնակարանի գնման վկայագրեր է տրամադրվել երկու փուլով՝ 183 ընտանիքի։

Իրինե Հակոբյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ) - Հիմա մենք սկսում ենք երրորդ փուլը, որն ուղղված է Շենգավիթ վարչական շրջանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին, և այնտեղ մենք ունենք շուրջ 160 շահառու: Այսինքն՝ այս պահին արդեն վերցրել ենք դիմումները, սկսվում է ընտրության ու հաստատման գործընթացը:

Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար ավելի շատ դիմում են Իրանից, Սիրիայից, վերջերս դիմումներ են ստացվում նաև Կուբայից: 2019-ին փախստականի կարգավիճակ է տրվել 116, 2020-ին՝ 81, 2021-ի առաջին վեց ամիսներին՝ 34 մարդու:

Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը աշխարհի առաջնորդներին կոչ է անում կրկնապատկել խաղաղությանն ու համագործակցությանն ուղղված ջանքերը՝ դադարեցնելու բռնության և հետապնդման պատճառով տեղահանման տասնամյակ ձգվող աճի միտումը, սկսել հակառակ գործընթացը: Անահիտ Հայրապետյանը նշում է՝ այս տարվա կարգախոսը համահունչ է այն ամենին, ինչ իրականացնում է պետությունը, ՄԱԿ-ը և համայնքը:

Անահիտ Հայրապետյան (ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու) - Միասին մենք կհաղթահարենք ամեն ինչ: Միասին մենք կապաքինվենք, միասին մենք կսովորենք, և միասին մենք կփայլենք, այսինքն՝ կարևորություն է տրվում ուսմանը, աշխատանքին և սոցիալականացմանը:

Հայրապետյանը նշում է՝ ՄԱԿ-ն իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են փախստականների բարօրությանը:

Անահիտ Հայրապետյան - Ֆիզիկական, մտավոր, կրթական և նաև աշխատունակությունը, պոտենցիալը արձակելու, բացելու և նվիրվելու նոր համայնքին: Մենք հասանք,- շատ մեծ հաճույքով եմ նշում,- այն օրվան, որ արդեն իրենք են վերապատրաստում, իրենց շնորհքը կիսում, միջազգային համբավ ձեռք բերում:

Նշում է՝ Փախստականների համաշխարհային օրը ևս մեկ առիթ է՝ գնահատելու նոր համայնքում նոր կյանք սկսելու նրանց կամքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում