«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր բնակավայր է կառուցում

ՆՆարեկ Սահակյան

Արցախի Աստղաշեն գյուղի հարևանությամբ նոր բնակավայր է կառուցվում: Այստեղ կհաստատվեն Ասկերանի շրջանի օկուպացված Ջրաղացներ, Մադաթաշեն, Մոշխմհատ և Սղնախ համայնքների բնակիչները: Ջրաղացների բոլոր ընտանիքներն այստեղ հաստատվելու ցանկություն ունեն:

Արսեն Հայրապետով (Արցախի Ջրաղացներ համայնքի ղեկավար) - Ամեն օր այս մարդիկ պարտաճանաչ աշխատում են, աշխատում են, անում են ամեն ինչ, որ կարողանան շատ կարճ ժամանակում շատ տներ հանձնեն:

Շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Տեխնիկական հսկողությունն Արցախի քաղաքաշինության նախարարությանն է: Նախագծով նախատեսված է 211 տուն, առաջին փուլում կկառուցվի 116-ը:

Համլետ Բաբայան (տեղամասի պատասխանատու) - Բնակարաններ ունենք 2 սենյականոց, 3, 4 և 5 սենյականոցներ: 2 սնեյականոցը 88 քառակուսի մետր տարածքով է, 3-ը՝ 136, 4-ը՝ 138, 5-ը՝ 182 քառակուսի մետր:

Կապալառու ընկերությունում նախատեսում են մինչև տարեվերջ 50 տուն կառուցել: Ասում են՝ շինանյութի մատակարարման և մեքենամեխանիզմների պակաս չունեն, միայն աշխատուժի կարիք կա: Մասնագիտությամբ մանկավարժ Նվեր Պետրոսյանը եկել է սեփական տան հիմնաքարը դնելու:

Նվեր Պետրոսյան (տեղահանված) - Պարտավորված եմ կատարելու այս աշխատանքը և ճիշտ եմ համարում, որ ամեն մի գյուղացի՝ թեկուզ չնչին չափով, թեկուզ իր ուժերի ներածին չափով, մասնակցի այս աշխատանքներին:

Շինարարության երկրորդ փուլում նոր բնակավայրը կունենա համայնքապետարան, բուժկետ, առևտրի, ոստիկանական և հրշեջ փրկարարական կետեր: Որակի հարցում տեղամասի պատասխանատուն վստահեցնում է:

Համլետ Բաբայան (տեղամասի պատասխանատու) - Որակի հարցում վստահեցնում եմ. «Կապավոր» ընկերությունն ունի երկար տարիների աշխատանքային փորձ, կառուցում ենք տներն այնպես, ինչպես կկառուցեինք մեզ համար:

Նոր բնակավայրը ժամանակակից ավանի հարմարություններ կունենա: 1500 քառակուսի մետր տնամերձ հողամասում հիմնականում նախատեսում են ջերմոցներ կառուցել:

Եղիշե Ղահրամանյան (Սղնախ համայնքի ղեկավար) - Գյուղի հարակից տարածքներում այգիներ են լինելու, որը ևս մշակելու համար աշխատողների կարիք կլինի: Գյուղացիները նաև այդ աշխատանքներին կընդգրկվեն:

Շինարարության ավարտը նախատեսված է 2022-ի վերջին: Համայնքների ղեկավարները մտածում են մսուրային պահվածքով անասնապահությամբ զբաղվելու մասին, քննարկում են բնակավայրից ոչ հեռու անասնաֆերմա ունենալու տարբերակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում