Ռուսաստանցի գործընկերները կօգնեն ոտքի կանգնեցնելու պատերազմի վիրավորներին

ՄՄայա Խաչատրյան

Ռուս բժիշկները պատրաստ են հիմա էլ սպիտակ խալաթ հագնել ու վիրահատարան մտնել՝ օգնելու հայ գործընկերներին միասին ոտքի կանգնեցնելու պատերազմի վիրավորներին:

Վլադիմիր Կռիլով (Ռուսաստանի գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս) - Մենք քննարկել ենք պատերազմում վիրավորում ստացած զինվորների բուժօգնության, տարբեր կլինիկաներում նրանց վերականգնողական բուժման հարցերը:

Մասնագիտական խմբի առաջին այցն է: Եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ու իր ընկերների հրավերը բժիշկներն ընդունել են՝ հայ-ռուսական բժշկական գործակցությունը զարգացնելու համար: Առաջին քննարկումն ու շրջայցն «Էրեբունի» բուժկենտրոնի գործընկերների հետ է:

Թելման Ֆերոյան (գործարար) - Մեր առաջնային նպատակն էր՝ Հայաստան հրավիրել Ռուսաստանի գլխավոր նյարդավիրաբույժ Վլադիմիր Կռիլովին՝ 44-օրյա ռազմական գործողություններից հետո անցկացնելու բարդ վիրահատություններ: Երկրորդ գաղափարն այն էր՝ ի դեմս ակադեմիկոսի հրավիրել նաև այլ մասնագետների՝ իրականացնելու փորձի, գիտելիքի փոխանակում:

Մոսկվայից Երևան են ժամանել հայտնի նյարդավիրաբույժներ, օրթոպեդ-վնասվածքաբաններ, փոխպատվաստման, էպիլեպսիկ հիվանդություններով զբաղվող մասնագետներ:

Վահան Դալիբալդյան (Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ, նյարդավիրաբույժ) - Նյարդավիրաբուժական հիվանդների թիվն ավելացել է, քանի որ հնարավոր է դարձել ավելի վաղ հայտնաբերել հիվանդությունները՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի շնորհիվ: Հասանելի է, հեշտ է հայտնաբերել պաթոլոգիան:

Վլադիմիր Կռիլով - Մեզ հետաքրքրում է կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, էպիլեպսիայի բուժումը, ողնաշարի վնասվածքների, նաև համակցված վնասվածքների, հոդերի պրոթեզավորման խնդիրների լուծումը:

Ռուս բժիշկները, Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մասնագետները Երևանում պայմանավորվեցին՝ առաջիկայում ևս այցելել ու կատարել համատեղ վիրահատություններ:

Թելման Ֆերոյան - Այնտեղ իրականացվում են երիկամի, լյարդի, թոքերի փոխպատվաստում: Էպիլեպսիկ հիվանդություններին առնչվող բարդ վիրահատություններ, որ Հայաստանում դեռևս չեն կատարվում: Կարծում եմ՝ Հայաստանի համար անհրաժեշտ կլինի այդ վիրահատությունների կատարումը:

Մինչև այդ ծանոթանում են բժշկական տեխնոլոգիական հնարավորություններին: Եթե անհրաժեշտ լինի, վիրավորներին կտեղափոխեն Մոսկվա՝ նրանց լիարժեք ապաքինման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում