Զավեն Սարգսյանի ծննդյան օրն է. հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

ՆՆունե Ալեքսանյան

Մանկավարժական համալսարանի 109-րդ լսարանն այսուհետև կկրի Զավեն Սարգսյանի անունը: Տաղանդավոր լուսանկարչի, երաժշտի, Փարաջանովի երևանյան թանգարանի հիմնադրի ծննդյան 74-ամյակը նշվում է ոչ միայն հարազատ բուհում, որտեղ նա դասվանդում էր 2011-ից, այլև Զավեն Սարգսյանի 2-րդ տանը՝ թանգարանում: Նրա հուշատախտակն այսօրվանից արժանիորեն կզարդարի թանգարանային տարածքը:

Տարիներ առաջ Զավեն Սարգսյանը վրացիների քթի տակից պարզապես փախցրեց Փարաջանովի ամբողջ ժառանգությունը, ստեղծեց ու 32 տարի շարունակ ստեղծարար ոգով պահպանեց փարաջանովյան թանգարանը, որում այսօր էլ նկատելի է նրա ոգեշունչ ներկայությունը:

Երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Երևանում կազմակերպվեց Աբաս Քիառոսթամիի լուսանկարների ցուցահանդեսը, մեծ կինոռեժիսորը հոգևոր հարազատությամբ իր լուսանկարները նվիրեց Զավեն Սարգսյանին:

Նրա մեծ տաղանդը հայ գեղարվեստական լուսանկարչության ասպարեզում հատկապես գնահատելի էր հայկական պատմական հուշարձանների և, մանավանդ, Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության լուսանկարչական տարեգրությամբ, որը լուսանկարիչը ներկայացնում էր Ամերիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում և Վրաստանում՝ անհատական ցուցահանդեսներում: Մարդ, որ գնում էր արևի հետևից:

Զավեն Սարգսյանի բազմաթիվ տաղանդներն ու վաստակն այսօր սիրով ու ջերմությամբ հիշեցին մտերիմներն ու բարեկամները՝ արժանին մատուցելով մեր մշակույթում այն անհանգիստ և ոգեշունչ ներկայությանը, որ ամբողջանում է Զավեն Սարգսյանի անունով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում