Արդիականացվում է Ազգային պատկերասրահի օդափոխման համակարգը

ՆՆունե Ալեքսանյան

Արդեն մի քանի ամիս է հիմնովին դատարկվել ու վերանորոգման ընթացքի մեջ են Ազգային պատկերասրահի բոլոր 56 ցուցասրահները: Պատկերասրահում ամբողջությամբ փոխվում է օդափոխիչ համակարգը, խնդիրը տասնամյակների պատմություն ունի. ձմռանը ցուրտ էր, ամռանը՝ տաք. ջերմաստիճանը ցուցասրահներում կարող էր հասնել մինչև 38 աստիճանի:

Ազգային պատկերասրահը 40 հազարից ավելի արժեքավոր ցուցանմուշ ունի. ցուցադրվում է միայն 7 %-ը, մյուս բոլոր նմուշները պահվում են ֆոնդապահոցներում և, իհարկե, պահպանության միջազգային պայմանների կարիք ունեն: Հիմա նոր համակարգը մասամբ լուծում է խնդիրը:

Բոլոր մեծարժեք ցուցանմուշները խնամքով փաթեթավորվել են ու ապահով պահվել: Առանձին նմուշներ առանձնահատուկ մոտեցում են պահանջել. օրինակ՝ Այվազովսկու մեծադիր կտավներից մեկի միայն շրջանակը 500 կգ է կշռում: Ասում են՝ նորոգումը մեծ փորձություն էր ազգային արժեքների համար:

Առաջիկա 3 ամսվա ընթացքում օդափոխման համակարգի արդիականացման փուլը կավարտվի: Այստեղ արդեն մտածում են նոր մշտական ցուցադրության հայեցակարգի մասին: Խնդիրները շատ են, մանավանդ որ հիմնանորոգումից հետո ցուցադրական տարածքների կորուստ են ունենալու:

100-ամյակի տարին պատկերասրահը դիմավորում է ոչ այնքան տոնական, որքան տքնաջան աշխատանքային մթնոլորտում, բայց լիահույս են՝ հոբելյանական հռչակված 2021-2022 թթ. կունենան թանգարանային մի վիճակ, որը պատիվ կբերի երկրի գլխավոր պատկերասրահին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում