Ազգային արժեքների փրկության պատմությունը. Ազգային պատկերասրահի նոր նախաձեռնությունը

ՆՆունե Ալեքսանյան

Հայաստանի ազգային պատկերասրահը նոր նախաձեռնությամբ ներկայացնում է ազգային արժեքների փրկության պատմությունը: «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը մեկնարկում է 3 մեծ գեղանկարիչների ՝ Բաշինջաղյանի, Կոջոյանի, Սարյանի փրկված կտավների ցուցադրությամբ: Գրեթե 1,5 տարի առաջ կտավները վերականգնման բաժին են հասել լուրջ վնասվածքներով:

Վերականգնողներին առաջադրվել է ներկաշերտի և հիմնաներկի ամրակայման, կորսված հատվածների լրացման, մի խոսքով՝ կտավներին 2-րդ կյանք տալու խնդիրը՝ բնօրինակին հավատարմությունը պահպանելու գերակայությամբ:

Կոջոյանի «Հին անցյալում» կտավը բազմաթիվ վնասվածքներ ուներ, կորցրել էր ամրությունը, ինչը կարող էր պատռվածքներ առաջացնել: Վերականգնողներից չափազանց բարդ լուծումներ էր պահանջում նաև Սարյանի «Ձորագէս» և Բաշինջաղյանի «Ճանապարհ Ախալքալաքից Աբասթուման» գործերի վերականգնումը: Երեքն էլ արդեն մի ամբողջ ցուցադրական կյանք են ապրել:

Կտավների հարևանությամբ ցուցադրված է նաև վերականգնման արվեստանոցի մի անկյուն. աշխատանքային սեղան, վնասված նկարներ, ժամանակակից մանրադիտակ և ուլտրամանուշակագույն լամպ, որոնցով այցելուն կարող է հենց ինքը զննել վնասվածքներն ու միջամտությունները: Բացի այդ, կտավներին կից բացատրագրերն ու աշխատանքային լուսանկարները փուլ առ փուլ ներկայացնում են վերականգնման ամբողջ ընթացքը: Նախագիծը շարունակական է լինելու:

Ամեն տարի այստեղ մոտ 100 կտավ է վերականգնվում, այժմ պատկերասրահը որակապես նոր քաղաքականություն է որդեգրել՝ նոր նախագծերով ու աշխատաոճով առավելագույն չափով բաց է լինելու հանրության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում