Ղազարոս Սարյանի 100-ամյակի միջոցառումները մեկնարկում են

ՆՆունե Ալեքսանյան

Կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 100-ամյակի հանդիսությունները պետք է սկսվեին դեռ 2020-ի սեպտեմբերի 30-ին, բայց երեք օր առաջ սկսվեց պատերազմը, և բոլոր միջոցառումները չեղարկվեցին: Այժմ հետաձգված միջոցառումները մեկնարկում են «Հայրական սեր» ցուցահանդեսով, որում ներկայացված են Մարտիրոս Սարյանի գծանկար, ճեպանկար և գեղանկարչական գործերը՝ նվիրված որդուն, որոնցում Վարպետը խտացրել է իր ամբողջ սերն ու գորովը որդու հանդեպ:

Ցուցադրությունն ամբողջանում է Ղազարոս Սարյանի կյանքի տարբեր շրջաններով՝ ընտանեկան ջերմ դիմապատկերներ, Սարյանի որդիների՝ Զարիկի ու Սարիկի դիմանկարները, Ղազարոսի մեծ ուսուցչի՝ Շոստակովիչի դիմանկարը և, իհարկե, պատերազմի արձագանքները Սարյանի գործերում: 1939-ին Գնեսինների ուսումնարանի ուսանող Ղազարոսը զորակոչվեց Կարմիր բանակ, մասնակցեց Ֆիննական, ապա նաև Հայրենական պատերազմներին՝ կյանքի 7 տարին նվիրելով հայրենիքի պաշտպանությանը:

Ղազարոս Սարյանի լավագույն ստեղծագործություններն ստեղծվեցին արդեն պատերազմից հետո, երբ նա 26 տարի ղեկավարում էր Երևանի կոնսերվարտորիան՝ կրթելով փայլուն երաժիշտների մի քանի սերունդներ: Բարեբախտաբար, հոբելյանական տարում նրա ձեռագրերում հայտնաբերվել են վաղուց կորած Թավջութակի սոնատն ու 1-ին քառյակը, որոնք նոտագրվել են Արամ Թալալյանի օգնությամբ: Իր ամբողջ ստեղծագործությամբ Սարյանն ապացուցեց, որ երաժշտությունը ևս կարող է գունային հնչողություն ունենալ:

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն տարբեր հրատարակչական ու երաժշտական նախագծերով, իսկ տարեվերջին տեղի կունենա կոմպոզիտորի հոբելյանական-հեղինակային մեծ համերգը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում