Նարեկ Հախնազարյանի թավջութակը հնչել է ի հիշատակ կատարողական արվեստի լեգենդ Մեդեա Աբրահամյանի

ՆՆունե Ալեքսանյան

Նարեկ Հախնազարյանի Գվարներիի թավջութակը հնչում է ի հիշատակ կատարողական արվեստի լեգենդ, անմոռանալի Մեդեա Աբրահամյանի, որի գործիքի լարերը կարող էին փոխանցել մարդկային հոգու բոլոր թրթիռները: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հախնազարյանը Շոստակովիչի Թավջութակի 1-ին կոնցերտով հարգանքի տուրք են մատուցում մեծ երաժշտի հիշատակին: 

Շոստակովիչի կոնցերտը, որ գրվել է Ստալինի մահից հետո, երբ վերջապես վերացավ անհատի պաշտամունքը, և խրուշչովյան ձնհալն ազատության որոշակի չափաբաժին տվեց արվեստագետներին, իր ողբերգականության և տաղանդի ուժով խիստ ներդաշնակ է օրվա խորհրդին: Նախորդ տարին համավարակի պատճառով ստեղծագործական մեծ դադարի շրջան էր նաև Հախնազարյանի համար, հիմա, վերադառնալով կենդանի համերգներին, թավջութակահարը նշում է՝ երաժշտության հզոր և ամոքիչ ուժն այսօր ավելի քան անհրաժեշտ է մեր ժողովրդին: 

Վերակենդանացող երաժշտական անցուդարձն արդեն գերխիտ համերգային ժամանակացույց է սահմանել երաժշտի համար. մարտի 10-ին տեղի կունենա նրա մոսկովյան մենահամերգը, ապա ելույթն է Պետերբուրգում, իսկ ամբողջ մայիսի ընթացքում Հախնազարյանը համերգներ կունենա Ֆինլանդիայում, որի ռադիոյի նվագախմբի այս տարվա մենակատարն է: Իսկ «Խաչատրյան» համերգասրահում համերգից առաջ «Ինչո՞ւ էր բարկանում Բեթհովենը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր: Գրքի հեղինակը հռչակավոր թավջութակահար Սթիվեն Իսերլիսն է, այն հայերեն է թարգմանել Լյուսիլ Ջանինյանը: 

Ազգային ֆիլհարմոնիկը շարունակում է Բեթհովենի շքերթը՝ երաժշտությանը համադրելով նաև գրքի քարոզչությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում