Մատենադարանի ցուցասրահը ներկայացնում է Գանձասարի Մատենադարանի ձեռագիր ժառանգությունը

ՆՆունե Ալեքսանյան

Մատենադարանի ցուցասրահը ներկայացնում է Գանձասարի Մատենադարանի ձեռագիր ժառանգությունը. մոտ 8 տասնյակ մեծարժեք ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր: Դադիվանքի, Խադավանքի, Երից Մանկանց վանքի, Ավետարանոց Ավանի բացառիկ ձեռագրերով ամբողջանում է Արցախի գրավոր մշակույթի համապատկերը: Բացառիկ այս հավաքածուն պատերազմի ամենաթեժ շրջանում, անհավատալի պայմաններում փրկել են նվիրյալները, որոնց Մատենադարանն այսօր արժանին է մատուցում:

Արցախյան վերջին պատերազմը հայոց բանակի սպա Անահիտ Մարտիրոսյանի կյանքում երրորդն է, մարտական ընկերոջ՝ Գագիկ Բայրամյանի հետ անգին հավաքածուն անընդմեջ ռմբակոծության տակ է հասցրել ապահով վայր: 

Մատենադարանը բացառիկ ցուցադրության առիթն օգտագործել է նաև ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի նոր՝ «Ուտիքի գրչության կենտրոնները» գիրքը ներկայացնելու համար: Հեղինակի 7-ամյա աշխատանքի արդյունքում ձեռագրական, վիմագրական և մատենագիտական աղբյուրների հիման վրա ներկայացվում են Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները:

Հավելվածում առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվում է Գոշի հայսմավուրքային վարքը: Գրքին կցված է նաև Ուտիքի գրչության կենտրոնների քարտեզը: Հեղինակը վերստին ընդգծում է՝ արցախյան գրավոր մշակույթի հայկականության գիտական հիմքերն անառարկելի են:

Կվերադառնա՞ արդյոք բացառիկ հավաքածուն Գանձասար. երևանյան Մատենադարանի տնօրենը վստահեցնում է՝ օր առաջ հավաքածուն կտարվի բնօրրան, եթե լինեն անվտանգության հստակ երաշխիքներ: 

Իսկ Մատենադարանը արցախյան հայտնությունների մի ամբողջ շարք է խոստանում՝ Արցախի գրավոր մշակույթը ևս քաղաքակրթական սխրանքի պատմություն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում