Դեղինը՝ թղթի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի համար. Երևանում աղբը տեսակավորվում է

ՀՀերմինե Բաղդասարյան

Դեղինը` թղթի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի համար. աղբը տեսակավորելու եռյակ թափոնամանները մոտ 2 ամիս էլ չկա՝ ինչ հայտնվել են Երևանում: Մարդիկ երբեմն, դեռ խառնում-ինչ պատահի՝ լցնում են թղթի աման. ամեն դատարկելուց նեղվում է վարպետ Սարոն:

Սարո Կշտաև (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության աշխատակից) - Աղբը ժողովուրդը շատ բերում, խառնում ա.. .շիշ ա, տարբեր բաներ, բայց նայած տեղ, տեղեր կան՝ ակուրատնի ա...

Ժամանակն ամեն ինչ կփոխի՝ վստահ է աղբի տեսակավորման Նոր Նորքի ու Նորք-Մարաշի պատասխանատուն: Սպասում էին, որ նման խնդիր կառաջանա; Դրա համար էլ՝ որ բնակչությունը խառն աղբը սորտավորվածի թափոնամաններ չլցնի՝ գունավոր նորույթը կանաչ տարաներին մոտ են դրել:

Էդգար Գրիգորյան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության Նոր Նորքի և Նորք-Մարաշի պատասխանատու) - Եթե իրարից հեռու ա լինում, բերում են մեջն են լցնում, աղբի ամանի տեղ օգտագործում են:

Ունենք նաև թափոնների տեսակավորումից ոգևորված սպառողներ: Շիշը, պլաստիկը, թուղթը տանն առանձին հավաքելն ամենևին էլ բարդ չէ՝ վստահեցնում է «Էկոաղբ» ՀԿ ղեկավարը:

Վահե Սալահյան (Էկոաղբ» ՀԿ ծրագրերի ղեկավար)  - Ոչ միայն մեծ է թիվը այն բնակիչների, ովքեր էկոբնակիչներ են, կան, որ գնում են, տարածքի բնակիչներին գնում-խնդրում են, պարտադրում, որ ստվարաթուղթ չթափեն:

Երևանում այս պահին տեսակավորվող թափոնաման չկա միայն էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Մյուս տարածքներում 60 կետ է առանձնացված. այդ թիվը փետրվարի վերջին կհասնի 135-ի: Քանի որ ծրագիրը դեռ փորձարկման փուլում է, տարվա վերջին նոր հստակեցվելու է՝ աղբի վերամշակումից մայրաքաղաքն ինչ է ուզում ստանալ: Պլաստիկի թափոնից, օրինակ՝ արդեն կախիչ, գոգաթիակ, տոպրակ արտադրող կա՝ ներկայացնում է թափոնների տեսակավորման վարչության պետը:

Հայկ Հովհաննիսյան (Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետ) - Մենք ուզում ենք տեսակավորել ու բիոգազ ենք ուզում ստանալ, սննդի մնացորդներից՝ պարարտանյութ, թե ուրիշ բան:

Զուգահեռ կճշտեն նաև՝ եթե բնակիչը ոչ թե պատահական՝ մի անգամ, այլ դիտավորյալ, անընդհատ, օրինակ՝ թղթի հետ սնունդ է լցնում, կտուգանեն՝ զգուշացնում է Հայկ Հովհաննիսյանը:

Հայկ Հովհաննիսյան - Այդ ժամանակ արդեն՝ զսպող մեխանիզմներ կլինեն:

Գերմանիայում նույնիսկ առանձնացնում են թափանցիկ ու գունավոր ապակին: Ռուսաստանը դեռ՝ չոր ու թաց աղբ է տեսակավորում: Մեզ մոտ՝ կապույտ թափոնամանի մեջ՝ հյութերի և այլ ապրանքի պլաստիկե տարաների հետ թույլատրվում է պոլիէթիլենային տոպրակներ նետել: Թղթի հետ՝ թերթ, ամսագիր, ստվարաթղթե տուփեր: Ապակու ամանի մեջ՝ շշերի հետ կարելի է նաև պատուհանի կոտրված ապակի լցնել: Հետագա վերամշակման համար այն առանձին էլ դատարկում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում