Ֆիլհարմոնիկն ու Մարիինյան թատրոնը Հայաստանում ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ՆՆունե Ալեքսանյան

Փոխադարձ ծափերով ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Մարիինյան թատրոնի թիմը միմյանց ողջունում են շատ պատասխանատու ու բարդ աշխատանքի ավարտի կապակցությամբ. ձայնագրել են Բեթհովենի 1-ին, 2-րդ և 5-րդ սիմֆոնիաները: Մարիինյան թատրոնի խմբին ապշեցրել է հետպատերազմական Հայաստանից հնչած՝ Բեթհովեն ձայնագրելու առաջարկը, բայց Երևան գալով՝ ճգնաժամը հաղթահարելու մեծ կամք ու ուժ են տեսել:

Դմիտրի Կազակով (Մարիինյան թատրոնի ստուդիայի բեմադրող ռեժիսոր) - Շատ կարևոր է, որ Հայաստանում բոլորը հասկանան, որ կա ուժ և հույս, և մենք էլ եկել ենք ձեզ աջակցելու մեծ ցանկությամբ: Հասկանալի է, թե ինչ իրավիճակ է, և մարդիկ փոքր-ինչ ճնշված են, բայց որևէ խնդրի չբախվեցինք, և նվագախումբն էլ անում է ամենը կատարյալ որակ ստանալու համար:

Հանճարեղ կոմպոզիտորի 250-ամյակին նվիրված «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Երևանը հյուրընկալելու էր տասնյակ ճանաչված մենակատարների և դիրիժորների, համավարակը խախտեց բոլոր ծրագրերը: Այդուհանդերձ, ֆիլհարմոնիկը նախաձեռնեց բացառիկ մի մասշտաբային նախագիծ՝ ձայնագրել ու տեսագրել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները:

Այս աննախադեպ նախագիծն իրակացնելու համար բանակցություններ են վարել աշխարհի լավագույն խմբերի հետ՝ սկսած Կոնցերտգեբաուի թիմից մինչև Մարիինյան թատրոն: Ի վերջո, Վալերի Գերգիևի աջակցությամբ Երևան ժամանեց Մարիինյան թատրոնի 14 բարձրակարգ պրոֆեսիոնալների թիմը, այդ թվում նաև Իլյա Պետրովը, որ «Գրեմմիի» է նոմինացվել Ռիմսկի -Կորսակովի «Ոսկե աքաղաղ» օպերայի ձայնագրության համար: Նրան հարգանք է ներշնչել ֆիլհարմոնիկի նվիրվածությունը գործին:

Իլյա Պետրով (Մարիինյան թատրոնի ստուդիայի հնչյունային ռեժիսոր, «Գրեմիի» հավակնորդ) - Շատ սիրեցի ձեր նվագախումբը: Ինձ ոգեշնչում է, երբ մարդիկ աշխատանքին վերաբերվում են նման ահռելի էներգիայով: Շատ հեշտ աշխատեցինք՝ փոխըմբռնման մթնոլորտում, և կարծում եմ՝ շատ լավ արդյունք կունենանք;

Հայաստանի երաժշտարվեստի պատմության մեջ աննախադեպ այս ձեռնարկը մեծապես կնպաստի ֆիլհարմոնիկի միջազգային ճանաչմանը: 

Այժմ, երբ բեթհովենյան նախագիծն արդեն իրողություն է, Ֆիլհարմոնիկում մտածում են մյուս խոշորամասշտաբ ծրագրի՝ Խաչատրյանի բոլոր ստեղծագործությունների ձայնագրության մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում