Համազգային թատրոնը՝ Արցախի փոքրիկների համար

ՆՆարեկ Սահակյան

Համավարակով պայմանավորված երկարատև ընդմիջումից հետո Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կրկին բեմում է: Ռազմական գործողություններից հետո առաջինն են ուրախացնում արցախցի փոքրիկներին՝ նրանց դատին հանձնելով «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը:

Արմինե Անդրեասյան (Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի) - Սոս Սարգսյանը, մենք իրեն պապ ենք ասում, պապը միշտ ասում էր՝ սա էլ մեր զենքն է, արվեստը մեր զենքն է: Եվ հիմա, երբ տեսնում ենք այս պատերազմական ու կորոնավիրուսային պայմաններում երեխաների աչքերն ու սպասումը, մենք հասկանում ենք, որ, այո՛, արվեստը հզոր զենք է:

Հյուրախաղերով Արցախում լինելու գաղափարը Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի մոտ ծնվել է պատերազմի օրերին: Զորացրվելուց հետո թատերականի թիմն իսկույն անցել է գործի:

Արման Նավասարդյան (Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն, դերասան) - Իմ մանկությունն անցել է պատերազմի մեջ, և ես գիտեմ դրա կարիքը, որ կա: Այս երեխաները պետք է ապրեն, այս երեխաները հեքիաթ տեսնեն, այս երեխաները պետք է հավատան հրաշքների, այս երեխաների կյանքում մոխրագույնը չպիտի գերիշխի:

Համազգային թատրոնն արդեն հասցրել է լինել Ճարտարում, Մարտակերտում, Ասկերանում և Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքի դպրոցներում ներկայացումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 28-ը:

Ալլա Սահակյան (Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի) - Այն բավականությունը, որ ես տեսնում եմ երեխաների աչքերի մեջ, առկայծումը աչքերի մեջ, որ իրենք հավատում են, որ ամեն դեպքում կյանքը շարունակվում է, և հույս կա, ու բարու հաղթանակին սկսում են հավատալ: Եվ գոնե այն մի ժամը, որ հնարավորինս փորձում ես իրեն կտրել, շեղել և հրճվանք, ծիծաղ պարգևել, դա աշխարհում ամեն ինչ արժե:

Համազգայինի թատերախումբը վստահեցնում է՝ արցախցիներին երկար սպասել չեն տա: Նոր ներկայացումներ են խոստանում արդեն նոր տարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում