«Հրազդան» տոնավաճառի հարակից տարածքում գործող՝ երևանցիներին հայտնի գյուղատնտեսական տոնավաճառն այսօրվանից մինչև դեկտեմբերի 30-ը կգործի ամենօրյա: Առևտուրն ակտիվացնելու գյուղացիների առաջարկին ընդառաջ է գնացել էկոնոմիկայի նախարարությունը:
Ռոկոլան, թեյը, բրոկոլին Սուրեն Գրիգորյանը մի ամբողջ ամառ աճեցրել է, հիմա էլ երկար վաճառասեղանին է մնում: Երևանցիներին հայտնի գյուղատնտեսական տոնավաճառում վաճառքի ծավալները նվազել են՝ ասում է գյուղատնտեսը:
Մեսրոպ Աբիսողոմոնյան (գյուղատնտես) - Ստեղ բնակչությունը շատ նոսր է, և առևտուրը այնպես չի կատարվում, ինչպես Կասյանում:
Գյուղացիների ասելով՝ հիմնական առևտուր անողներն իրենց նախկին հաճախորդներն են: Թեև սակարկելու հնարավորությունները մեծ են, սակայն երկօրյա տոնավաճառում ապրանքն ամբողջությամբ չի սպառվում՝ ասում են գյուղատնտեսները: Առևտուրն ակտիվացնելու առաջարկով դիմեցին էկոնոմիկայի նախարարություն:
Հայկ Ղևոնդյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի վարչության պետ) - Այսօրվանից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ կգործի ամենօրյա շուկա: Շուկայում հիմնականում առևտուր իրականացնողները գյուղացիական տնտեսություններն են:
Օգոստոսից մինչև օրս 600 արտադրող հնարավորություն է ունեցել իր գյուղմթերքը վաճառել այս շուկայում: Վերավաճառողների նկատմամբ քաղաքականությունը խիստ վերահսկողությունն է: Պայմանները նույնն են: Տաղավար, կշեռք, հովանոցներ՝ բոլորը հատկացրել է էկոնոմիկայի նախարարությունը: Առևտրի համար արդեն հնամաշ գույքը փոխարինվել է նորով: Մոտ 10 միլիոն դրամի ներդրում է արվել:
Հայկ Ղևոնդյան - Գույքը ձեռք էր բերվել 2011 թվականից և մի անգամ էր թարմացվել: 2020 թվականին՝ շուկայի վերաբացվելու նախօրյակին, նախարարությունը միջազգային գործընկերների հետ միասին ամբողջ գույքը թարմացրել է:
Վերավաճառողների արհեստական գնանկման ու գնի բարձրացման դեմ պայքարում են արտադրողի անձը հաստատող հատուկ վկայականով:













