70 օրվա անհայտությունից հետո փրկված տղաները որոշել են իրենց 2-րդ ծննդյան օրը ամեն տարի միասին նշել

ՆՆարե Ոսկանյան

70 օրվա անորոշությունից հետո լուսավոր նորություն. Արմանը, Ռուսլանը, Դավիթը, Արսենը, Նիկոլայն ու Արթուրը վերադարձան հայրենիք: Շրջափակման մեջ էին հոկտեմբերի 12-ից: Նոյեմբերի 6-ին որոշել են թաքնվել անտառներում ու փրկվել:

Տղաների վերադարձը հայրենիք հաջողվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով: Նրանց Ստեփանակերտում դիմավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դուրս գալու համար ժամկետայինների 6-հոգանոց խումբը հաղթահարել է գրեթե անհնարինը: Հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքում կատարել են հետախուզություն, գյուղերից հայթայթել սնունդ և ջուր:

Դավիթ Սահակյան ՊԲ շարքային - Անցել ենք ձնապատ սարերով, որից մեր ոտքերը ցրտահարվել են, ցավում են: Կամքի ուժով մենք անցանք ցավի միջով, որովհետև ապրելու ցանկությունն ավելի մեծ է, քան ցավը:

Փրկված զինծառայողների վիճակը կայուն է: Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ հուսալի ձեռքերում են ժամկետայինները:

Խմբին առաջնորդել է Արմանը, առաջարկել գաղտնաբառ և ուղղություններ մշակել: Դժվարություններն անասելի էին, բայց ալընտրանք չունեին:

Հրազենային վնասվածքով Նիկոլայն ընկերների հետ 14 օր միայն լեռներում է քայլել: Մարտակերտցի Արթուրն ասում է՝ այնքան են քայլել, մինչև հեռախոսակապ են գտել:

Նիկոլայ Ստեփանյան (ՊԲ շարքային) - Ինձ շատ լավ եմ զգում: Միայն ոտքերի խնդիր ունենք: Բոլորիս ոտքերը ցրտահարված են, բայց ամեն ինչ կարգին է, արդեն միայնակ քայլում ենք: Այսինքն՝ լուրջ խնդիրներ չունենք:

Տղաները մի ցանկություն ունեն՝ Ամանորը դիմավորել տանը: Իսկ դեկտեմբերի 20-ը՝ որպես երկրորդ ծննդյան օր, ամեն տարի միասին՝ 6 հոգով նշելու են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում