Կորոնավիրուսի ժամանակ առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունել պետք չէ. ԱՆ

Վերջին օրերին առողջապահության նախարարությունն ահազանգում է հակաբիոտիկների չարաշահման մասին: Բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ մարդիկ կորոնավիրուսով վարակվելիս, առանց բժշկի դիմելու, հակաբիոտիկներ են խմում: Շատերն իրենց ծանոթ-բարեկամներից են իմանում՝ ով ինչ դեղորայք է ընդունել, նույնը կրկնում են: Ոչ մի օրգանիզմ նման չէ մյուսին, և յուրաքանչյուր մարդ կորոնավիրուսը յուրովի է տանում՝ բացատրում է նախարարի խորհրդատուն: Հետևաբար, որևէ մեկի ընդունած և նրանց օգնած դեղերը մեկ ուրիշի համար կարող են վնասակար լինել:

Սամվել Հայրումյան (ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու) - Անտիբիոտիկի կարիք ունենում են ըստ ուղեցույցների, ըստ վիճակագրական տվյալների՝ հոսպիտալացված, թոքաբորբով հիվանդների միայն 3,5-8 տոկոսն է ունեցել բակտերիալ վարակ: Այսինքն` վիրուսային թոքաբորբը երբ կա այն 92 տոկոսում, իրենց անտիբիոտիկը օգտակար չէ, չի բուժում:

Հակաբիոտիկի անհրաժեշտություն, ըստ մասնագետի, առաջանում է, երբ միանում է երկրորդային բակտերիալ վարակը: Հետևաբար դա ցուցված է ընդունել նրանց, ում ջերմությունը 38-ից բարձր է, շնչառությունը ծանրացած է, թոքերում թթվածնի մակարդակը կամ, այլ կերպ ասած՝ սատուրացիան 90-ից ցածր է:

Սամվել Հայրումյան - էդ բոլոր տվյալները համադրելով՝ բժիշկը որոշում է կայացնում նշանակել անտիբիոտիկ: Իսկ ինչով կարող է վնասել անտիբիոտիկը. առաջին հերթին կարող է բերել կողմնակի ազդեցություններ: Մենք պետք է ապագայի մասին էլ մտածենք, երբ որ բազմաթիվ հիվանդներ անհիմն անտիբիոտիկներ են օգտագործում՝ տեղին-անտեղին, դա բերում է միկրոբների կայուն շտամների ձևավորմանը, և երբ պետք կլինի ռեալ, իրականում բուժել անտիբիոտիկով, դրանք չեն օգնելու, իսկ նոր խմբի անտիբիոտիկներ դժվար է ստեղծել:

Հակաբիոտիկները հիվանդության զարգացումն ու բարդացումը չեն կանխարգելում՝ հիշեցնում է մասնագետը: Հակառակը՝ կարող են իմունիտետի վրա բացասական ազդեցություն ունենալ: Հակաբիոտիկը պետք է նշանակվի բժշկի կողմից, հետազոտությունից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում