Նորօրյա հերոսների մասին հեռուստաշարքում է լսել որդու անունը, բայց մինչև այսօր լուր չունի

ՄՄայա Խաչատրյան

Հոկտեմբերի 13-ից որդու՝ Հայկ Ղազարյանի հեռախոսն անհասանելի է: Երկու ամիս է՝ լուր չունեն: Հարազատները, բարեկամներն ու ընկերները օր ու գիշեր Հայկին են փնտրում: Այցելել են հոսպիտալներ. հնարավոր է՝ վիրավոր է: Չեն բացառում՝ գուցե իրենց որդին ևս գերի է:

Արարատ Ղազարյան (Հայկ Ղազարյանի հայրը) - Ամեն զանգին սիրտս թրթռում ա, որ հեսա պետք է վերցնեմ ու ասի՝ հերս, ո՞նց ես, դրան եմ սպասում... Պիտի տեղեկություն տան, որ տղադ էսինչ զորամասում ա կամ հիվանդանոցում:

Հայկ Ղազարյանն ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Զորակոչվել 2019-ի ամռանը: Պաշտպանել է Հադրութին մոտ հատվածը: Վիրավորվել է, բայց հրաժարվել դիրքից իջնել ու հոսպիտալ տեղափոխվել:

Արարատ Ղազարյան - Ոտքի վրա շարունակել է կռվել, խոցել թնամու տանկերը:

44-օրյա պատերազմի հերոսներից Պաշտպանության բանակն առանձնացրել է նաև Հայկի սխրանքը, հրապարակել՝ հակառակորդի տանկեր ու կամազ է ոչնչացրել կրտսեր սերժանտը: Հերոսի հորը զինակիցներն ավելին են պատմել 19-ամյա որդու՝ հակատանկային ստորաբաժնման զինծառայողի խիզախության մասին:

Արարատ Ղազարյան - Տղաները հպարտությամբ պատմում էին, որ ուղղաթիռ ու ինքնաթիռ է որ դուրս եկել ռմբակոծելու, Հայկս ֆագոտը շրջել ու կրակել է, թողել, փախել են:

Իրենք նախկին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից են: 92-ին բռնի տեղահանվել են, տեղափոխվել Վարդենիսի շրջանի Արփունք գյուղ: Գյուղի պատմության ուսուցիչն է: Պատմությունը կարծես՝ կրկնվում է՝ մի անգամ անցել է այս ամենի միջով, մասնակցել Արցախյան ազատամարտին:

Արարատ Ղազարյան - «Եղնիկների» հրամանատարս եղել է Չալյան Սերգեյը, մեծատառով մարդ...

Անհետ կորած զինծառայողի հոր միակ ցանկությունն է՝ որդին գա ու անձամբ պատմի տղաների հերոսությունների մասին:

Արարատ Ղազարյան - Մեծ ուրախություն եմ անելու տղուս, հարսանիք եմ անելու տղուս, իրեն ընտրած աղջիկ ունի, ես էլ թեկնածուներ ունեմ:

Մեծ տղան բանակից վերադարձել է ավագի կոչումով: Պետականություն, բանակ ունենալու մասին հայ ժողովուրդը միշտ է երազել: Անկախ Հայաստանի կարևոր այդ ձեռքբերումներն ամրապնդելու համար է հպարտությամբ որդիներին բանակ ճանապարհել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում