Արցախցիների համար 100 տոննայից ավելի օգնություն է բերել Спеши к добру հիմնադրամը

ՀՀերմինե Բաղդասարյան

Շոկոլադն՝ արցախցիների համար է: Հումանիտար կապոցներում քաղցրն ավելացնելու գործը .... Спеши к добру հիմնադրամի պահեստում վստահել են կամավորներից Հովհաննեսին: Տոպրակում հիգիենայի պարագաներ են և սնունդ:

Հովհաննես Մկրտչյան (կամավոր) - Գրեչկա, տուշոնկա, ձեթ, կոնֆետները Ռուսաստանից «Դոկտոր Լիզա» հիմնադրամն ա ուղարկել...

Օգնությունը, բացառությամբ կարտոֆիլ-կաղամբի ու մի քանի այլ մթերքի, ամբողջությամբ Ռուսաստանից է Հայաստան հասել: Այս արկղերում, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգից ուղարկված հագուստ է:

Մարիամ Նազարյան (Спеши к добру հիմնադրամի կամավոր) -  Հիմա բացեմ՝ ստեղ նոր շորեր են, տեսեք՝ յարլիկներով, կան շատ ռազմերներ, մենք ըստ ռազմերների դասավորում ենք ու ապրիդիլյատ ենք անում...

Մարիամն ինքն էլ Մոսկվայից է եկել, միացել կամավորներին: Տեղահանված արցախցիներին շոր-կոշիկով ապահովելու համար պատերազմի առաջին օրերից այստեղ առանձնացնում, ըստ տարիքի ու սեռի դասավորում են ստացվող ինչպես նոր, այնպես էլ օգտագործված իրերը: Հետո ով ինչի կարիք ունի՝ արագ ավելացնում են պարենային ծանրոցներին: Ստեփանակերտցի Ալլան էլ առավոտից գործի մեջ. Երևանի Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ ժամանակավոր ապաստանել են, երեխաներին նաև դպրոց-մանկապարտեղ են ընդունել: Բայց հրթիռակոծությունից տուժած տունը նորոգվի՝ գնալու են... հնարավոր է՝ հենց այստեղից ընտրած տաք վերարկուով:

Ալլա Մուսայելյան (կամավոր) - Երեխաներս իմ քվորս սկեսուրը նայում ա, մենք գալիս ենք ստեղ օգնում...

Спеши к добру հիմնադրամից օգնություն ստանալու համար Հայաստանում գտնվող արցախցիները կարող են զանգել թեժ գծին: Ցանկալի է զանգեն նաև՝ կամավորները: Հատկապես ծանրոց ցրողներ են պետք՝ կազմակերպիչների խնդրանքին տեղում արձագանքեց աշակերտների հետ ապրանք սորտավորելու եկած ուսուցչուհին:

Կուտակված մարդասիրական բեռներին այս կինն էլ ավելացրեց Ստեփանակերտում ավերված իրենց դեղատան պահեստի ապրանքը: Տակդիրից մինչև ծալովի մահճակալ՝ մարդիկ ամեն ինչի կարիք ունեն՝ ասում է համակարգող Լուսինեն:

Լուսինե Մաթևոսյան (Спеши к добру հիմնադրամի կամավոր) - Ըլնում ա, որ 30-50 ընտանիք հասցնում ենք օրվա մեջ ցրել:

Պատերազմի հենց սկզբից՝ Спеши к добру-ն շտապել է բարություն անել արցախցիներին... Այս պահի դրությամբ օգնությունն է ամփոփում կազմակերպության հիմնադիրներից Տիգրանը:

Տիգրան Վարդանյան (Спеши к добру հիմնադրամի համահիմնադիր)  - Հազարից ավելի արցախցու տրամադրվել է հումանիտար օգնություն: 100 տոննայից ավելի բեռ է արդեն Հայաստան ուղարկվել Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Վլադիմիրի, Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների մեր բարեգործական գործընկերների ու համայնքի ներկայացուցիչների կողմից: Օգնության փոխադրումն այժմ էլ շարունակվում է:

Արցախ վերադարձողներին տեղում օգնելու համար հիմնադրամը սկսել է աշխատել նաև Երևանում Ստեփանակերտի ներկայացուցչության հետ: Ուզում են համախմբվել նաև բարեգործներով, որ օժանդակությունն ավելի համակարգված, հասցեական դառնա: Սթափվելու կոչ են անում նաև թևաթափ եղած աշխարհի հայությանը: Թուլանալու իրավունք չունենք:

Անի Մարտիրոսյան (Спеши к добру հիմնադրամի խորհրդի անդամ) - Այնպես, ինչպես մենք միասնաբար գործում էինք պատերազմի ժամանակ, ես կոչ եմ անում, պարզապես հավաքվել է պետք ու օգնել այս մարդկանց: Քանի որ մեզ ինչքան էլ ծանր չլինի, նրանց վիճակը շատ ավելի բարդ է, հավատացե՛ք: Մենք տուն-ընտանիք ունենք, իսկ նրանք կորցրել են ամեն ինչ՝ ապրուստ, շատերը՝ ամուսին, եղբայր, երեխա: Պետք է միավորվենք և բոլորս շարժվենք նույն ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում