Շուշին գրավելու ադրբեջանական երազանքն այսօր էլ մնաց անկատար

ՄՄայա Խաչատրյան

Շուշիի համար պայքարը շարունակվում է: Հարակից տարածքներում, բերդաքաղաքի պարիսպների տակ ու Շուշի տանող ճանապարհներին մարտերի ինտենսիվությունը երեկոյան մի քիչ թուլացել է: Մարտերը թեժ են եղել նաև Բերձորի ուղղությամբ: Թշնամու ուժերը փորձել են ճեղքել, դուրս գալ Բերձոր՝ հավանաբար փորձելով օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, կրելով զգալի կորուստներ՝ հետ են շպրտվել, դիմել փախուստի:

Արծրուն Հովհաննիսյան (ՀՀ ՊՆ ներկայացուցիչ) - Այս պահին մարտերը շարունակվում են, ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերն ընթացքի մեջ են:

Արդեն 3-4 օր է՝ Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է՝ հայկական զորքերը կռվում են անձնուրաց: Զորքի կողքին զենքը ձեռքին կռվում են նաև հրամանատարները:

Արծրուն Հովհաննիսյան - Մինչև վերջին փամփուշտը, վերջին բնագիծը կռվում ենք, հետևաբար չշտապենք, սպասենք պաշտոնական հաղորդագրություններին, սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին, որը, վստահ եմ, մեր զորքը փառքով է ավարտելու, հաղթելու ենք: Ընդհանուր օպերատիվ իրավիճակն իմանալով՝ ուժերն ու միջոցները, որ ներդրված են եղել Ալիևի կողմից Շուշին գրավելու համար, հուսամ, կավարտվի, որ 3-4 օր է, զօր ու գիշեր:

Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հերքեց Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին Ադրբեջանի տարածած լուրը, հավաստիացրեց՝ գեներալ-գնդապետը հիմա էլ զորքի կողքին կռվում է: Հովհաննիսյանի խոսքով՝ մեծ է նրա դերն այս օրերին Շուշին պաշտպանելու գործում:

Արծրուն Հովհաննիսյան - Սեյրան Օհանյանը լեգենդար զորահրամանատար է, Շուշիի ազատագրող, այս օրերին դարձել է պաշտպանող լեգենդ, ու ես հավատում եմ, վստահ եմ, նաև նրա հրամանատարությամբ՝ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք:

նոյեմբերի 8-ի գիշերն ու ամբողջ օրը ռազմաճակատի տարբեր ուղղություններում ինտենսիվ մարտերը շարունակվել են: Հյուսիսում թշնամին փորձել է հարձակվել մեր դիրքերի վրա, սակայն կորուստներ կրելով՝ հետ է շպրտվել։ Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն հետ շպրտել ելման գծեր։

Արծրուն Հովհաննիսյան - Վստահում եմ, հավատում եմ մեր զորքին: Որ ասում եմ՝ հաղթելու ենք, տասնյակ զինվորականների վստահությունն եմ փոխանցում ձեզ՝ հաղթելու ենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում