Ադրբեջանցիների հրդեհած Տավուշի անտառներում այժմ լռություն է

ՄՄայա Խաչատրյան

«Էս մեր տունն ա, ծուխը մինչև Նորաշենի բենզինկալոնկեն քյնացել ա: Թուրքերը վառել են պագրիշկեքը, գլորել ցած, սաղ քոլերը պաժառ ա ընգել»,- ասում է Արծվաբերդ գյուղի բնակիչ Զարիկ Ուզունյանը:

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղն ամբողջությամբ ծխի մեջ է եղել: Ադրբեջանական զինուժն ավտոմեքենայի անվադողերն այրելով մարտական դիրքերից գլորել է գյուղի անտառտնտեսության տարածք: Այրվել է 25 հեկտար խոտածածկ տարածք:

Նորայր Պապյան (Արծավերդի անտառտնտեսության տնօրեն) - Հրդեհը սկսվել է խոտածածկ տարածքից: Այս պահին հաշվարկվում է վնասի չափը:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 15 հրշեջ-փրկարար։ Օգնել են նաև Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցները: Հակառակորդին չի հաջողվել մեծ վնաս հասցնել աշնան գույներով ներկված անտառին: Նաև եղանակն է մեր օգտին եղել՝ հրշեջների գործին օգնել է անձրևը:

Նորայր Պապյան - Որևէ վնաս գրեթե չի հասցվել անտառին, այսօր Արծվաբերդի անտառտնտեսության աշխատակիցները զգոն են, կանգնած են զինվորների կողքին:

Նորայր Պապյանի խոսքով` անտառը փրկելու գործին միացել են նաև հայ զինծառայողները: Հեռու չէ Խնձորուտի ջրամբարը՝ հայտնի Ծիլի ծովը: Անտառտնտեսության ղեկավարի խոսքով` այս պահին ջրամբարի համար վտանգավոր որևէ գործոն չկա:

Նորայր Պապյան - Վտանգավոր բան չկա ո՛չ ազգաբնակչությանը, ո՛չ Խնձորուտի ջրամբարին: 1-2 օր ծուխը պատել էր գյուղը: Պինդ փակել էին պատուհանները՝ ծուխը տուն չթողնելու համար:

Աշոտ Դալլաքյան (Արծվաբերդ գյուղի բնակիչ) - Ծուխը եկել, կեղը փակել ա: 2-3 օր քաշել ա: Սենց եկել, նենց քյնացել ա...

Արծվաբերդի աշնանային անտառը, անկախ ամեն ինչից, իր բարիքներն է առաջարկում: Հիմա ամեն ինչ հանգիստ է, Ծիլի ծովի ափին արդեն քաղելու զկեռն ու մասուրը նույնպես սպասում են խաղաղության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում