ՊԲ-ն դիպուկ կրակով հետ է շպրտել թշնամական տեխնիկան և կենդանի ուժը

ՀՀովհաննես Վարդանյան

Արցախյան երրորդ պատերազմի 37-րդ օրը լարված է եղել արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղություններում: Իսկ գիշերն արդեն այդ հատվածներում մերոնք վարել են պաշտպանողական մարտեր: Մեր ստորաբաժանումները դիպուկ կրակով ոչնչացրել են թշնամու ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժն ու մեկ տանկ:

Սուրեն Սարումյան (Արցախի ՊՆ ներկայացուցիչ) - Պետական սահմանի արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում մեր ուժերը, մարտավարական նկատառումներից ելնելով, հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: 

Առավոտյան, երբ թշնամին փորձել է հարավում առաջխաղացման փորձ ձեռնարկել, պաշտպանության բանակը նրանց տեխնիկային ու կենդանի ուժին պատճառել է կորուստներ, դիպուկ կրակով հետ շպրտել ելման դիրքեր:

Մեկ այլ ուղղությամբ՝ արդեն հյուսիսում, մեր բանակային ստորաբաժանումները լուսադեմին լռեցրել են ադրբեջանական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Թշնամին փորձում է մարտավարական առավելությունն իր կողմը թեքել, բայց Արցախի բանակը հնարավոր բոլոր միջոցներով իր ձեռքին է պահում օպերատիվ-մարտավարական իրադրությունը: 

Այս լուսադեմին էլ չեն լռել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ հրթիռահրետանային կրակոցները: «Սմերչ» կայանքից թշնամին հրետակոծել է Մարտունի և Շուշի քաղաքները: Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Նաև հերոսապատումների մասին. ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում փայլել են զինծառայողներ Արամ Զոհրաբյանը, Նվեր Ավանեսյանը, Արթուր Սարկիսյանն ու Արայիկ Հարությունյանը: Նրանք չորս հոգով ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել: 

Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում