Հայկական կողմը ամեն ինչ արել է հրադադարը պահպանելու համար. ՀՀ վարչապետ

ՆՆարե Ոսկանյան

Հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի. Արցախի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսից արձանագրվեց, որ արդեն երրորդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ:

«Արցախի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին կարելի էր արձանագրել, որ հրադադարը, ըստ էության, տեղի չի ունեցել: Արդեն 3-րդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել»,- նշեց նա:

Վարչապետի խոսքով, ԱՄՆ նախագահը Թվիթերի գրառմամբ վստահություն էր հայտնել, նույնիսկ շնորհավորել իրեն և Ադրբեջանի նախագահին հրադադարի ձեռքբերման կապակցությամբ։ Փաշինյանն ասաց, որ դեռ չգիտի՝ այժմ ԱՄՆ նախագահը, որպես վերջին նախաձեռնության հեղինակ, ինչպես կարձագանքի  հրադադարի տապալմանը։

«Չգիտեմ՝ հաղորդագրություն եղել է թե ոչ, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և նրան ուղիղ ասել եմ՝ սա իրենց համար առաջին հրադադարն է, մեզ համար՝ երրորրդը։ Ասել եմ, որ ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը։ Ասել եմ, որ վաղը, մեծ հավանականությամբ, հրադադարը չի պահպանվի, և Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է խախտել, և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը: Ապա հայտնեց, որ հիմնական հարցը, որ ուղղել է պետքարտուղարին, եղել է հետևյալը. եթե հրադադարը չպահպանվի, ինչպես են պարզելու, թե ով է դրա մեղավորը, և երկրորդ՝ ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար։

Վարչապետը կոռեկտ չհամարեց ասել, թե ինչ պատասխան է ստացել, բայց նշեց՝ հուսով է, որ այդ հարցերի պատասխանները ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կհայտնի այսօր:

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ ներկայացուցիչը կպատասխանի այս հարցերին այսօր, քանի որ այնտեղ արդեն լուսանում է: Այսինքն՝ արդյոք իրենք պարզեցի՞ն, թե ում գործողությունների հետևանքով է խախտվել հրադադարը, և եթե պարզեցին, ի՞նչ հետևանքներ է դա ունենալու հրադադարը խախտած կողմի համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կարևոր է նաև, թե հիմա ինչ և ինչպիսի աշխարհում ենք ապրում։

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների՝ առայժմ միայն հրադադար հաստատելու և հարցի դիվանագիտական լուծում գտնելու ջանքերն անցնում են ապարդյուն։ Ընդ որում՝ խնդրում եմ, հանկարծ որևէ մեկը չկասկածի ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  նախագահների անկեղծությանը։ Երեք նախագահները ամենայն անկեղծությամբ են ուզում հրադադար հաստատվի՝ առանց որևէ տոկոս կասկածի։ Այդ պետությունների ղեկավարներն իրենց անունը, պատասխանատվությունն են դնում այդ հրադադարի ջանքերի վրա:

ԱՄՆ-ի դեպքում հարցն ավելի է սրվում, քանի որ այդ երկրում հիմա նախընտրական արշավ է, և, ըստ էության, խոսքը միջազգային իրավիճակի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողությունների մասին է: Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, դա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, և պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը:

Ես չեմ պնդում, որ դա այդպես է, որովհետեւ մենք դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում