Արցախցի կանայք Դիլիջանում ժենգյալով հաց են թխում

ՀՀերմինե Բաղդասարյան

Ջիգյար բալա, համավ ա, չէ՞: Արցախի բրենդ ժենգյալով հացն է՝ թխված Դիլիջանում: «Հովերում» ապաստանած կանանց պատրաստածն է: Պատվեր է, որ Երևանից ստանում են. վառարանի մոտ ճտպտում է մարտակերտցի գեղեցկուհին:

16-ամյա Նազիկը կանաչիով խմորը կրակին շուռ տալն այստեղ է սովորել: Ախորժակով ուտողների ավելանալու հետ, փռից բացի, 3 վառարան է տարածքում թեժանում:

Մարգարիտա Իսրայելյան - Սաղ վառած ա, ճիշտն ասած, բայց սրտով ենք անում՝ հաղթանակ ենք ուզում...

Սա վերջին փուլն է: Սկիզբն ու կարևորը՝ հացի մեջ դրվող միջուկն է: Կանաչին 12 տեսակի պետք է լինի, բացատրում են այն կտրտող կանայք:

Քրիստինա Աղաջանյան - Համեմ, բազուկի տերև, կանաչ սոխ, սամիթ, բաներ կան՝ այստեղ չկա, օրինակ՝ Ղարաբաղի հայտնի թրթնջուկը:

Վալյա Մխիթարյան - Ձեզ անծանոթը կծմնձուկն ա, չկա ո՛չ Դիլիջանում, ո՛չ Երևանում...

Արցախցի կանայք ինչ սկսել են Դիլիջանում ժենգյալով հաց թխել, տարածքում կանաչու դեֆիցիտ է: Դիլիջանի շուկայի ու բանջարեղենի խանութների ամբողջ խմբաքանակն առնում են, Երևանից պատվիրում՝ ասում է կանաչու մատակարարումը ստանձնած «Հովերի» տնօրենը:

Հայկ Գրիգորյան («Հովեր» հյուրանոցի տնօրեն) - Շատ-շատ ենք առնում՝ ամեն պատվերը 200-200-ական ամեն մեկից:

Բակում որտեղ հնարավոր է՝ սփռոցների վրա չորացնում են լվացած-մանրացրած կանաչին: Մաքրողների թիմի միակ տղան անկեղծանում է՝ նման գործ տանը երբեք չի արել: ժենգյալով հաց թխելն արցախցի կանանց մենաշնորհն է:

Թե՛ գորգագործ Ալյոնան, թե՛ գլխավոր հաշվապահ տիկին Մարիետան տնից հեռու գրտնակ են անում՝ խոհանոցում պատերազմը մոռանալու ու իրենց ժամանակավոր տանիք տված հյուրատան ֆինանսական բեռը թեթևացնելու համար:

Մարիետա Դերզիկյան - Հա՛մ ժամանակն է անցնում, հա՛մ ուզում ենք մի բանով օգնած լինենք:

Այս նախաձեռնությամբ լուծվում է պատերազմի երկրորդ օրվանից այստեղ եկած մեծ ու փոքր 135 արցախցիների կեցության ծախսը, իջևանատան կոմունալները: Բոլոր գործարքները ՀԴՄ-ով են, նաև հարկ է գանձվում, և իհարկե, աշխատող 30 կանանց փող են տալիս: Հատը 1000 դրամ ժենգյալով հացի ֆինանսական հոսքերն է ներկայացնում բիզնեսի կոորդինատորի դերը ստանձնած հյուրատան երիտասարդ սեփականատերը:

Վարուժան Բաբախանյան («Հովեր» հյուրանոցի սեփականատեր) - Հումքի գումարն է, իրենց աշխատավարձն է, օրը 4000 դրամ կանաչի մաքրելն է, 5000-6000 դրամ՝ գրտնակել-թխելը:

Մեղվի փեթակ հիշեցնող այս թիմը ֆեյսբուքյան պատվերները թխել-փաթեթավորելու հետ բիզնեսը հարմարեցնում է խոր աշնանը: Շուտով էլ չեն կարողանա բացօթյա աշխատել:

Վարուժան Բաբախանյան - Հիմա, որ անձրևները սկսեն, խնդիր է լինելու, ուզում ենք անցնել արդեն փախլավայի. երեկ փորձել ենք, շատ համեղ է ստացվում:

Լիդիա բաբոյի խորհրդով էլ վաճառքում շուտով Ղարաբաղի հայտնի ճակնդեղի ճախ թթու կունենան, տերևները կտրտելուց այնքան ցողուն է առանձնացել:

Լիդիա Ավանեսյան - Սխտոր է, քյարաուզ, շատ հայտնի թթու է:

Գործը՝ գործ, բայց միևնույն է՝ բոլորը մտքերով այնտեղ են, ուր իրենց տղամարդիկ: Մեծ ու փոքր՝ ականջը լավ զանգի:

Լիդիա Ավանեսյան - Թոռներս կռվում են, ազիզ, էն առաջին կռվին տղերքս էին, հիմա թոռներս են: Աստված անի խաղաղություն լինի, մեր երեխեքը հաջող տուն հասնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում