ՄԱԿ-ի համակարգողը՝ Լիբանանի պայթյունի և ՀՀ կառավարության հակահամաճարակային պայքարի մասին

ԼԼիլիթ Հարությունյան

Աշխարհն այս օրերին շտապում է օգնություն հասցնել Լիբանանին:

ՄԱԿ-ի կողմից տրամադրվող օժանդակության մասին «Լուրեր»-ը զրուցել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: 

«Լուրեր» - ՄԱԿ-ը հայտարարեց, որ 9 մլն դոլար է ուղարկելու, հետաքրքիր է` գումարն ինչպես է հասնելու, ում է հասնելու, որովհետև Էմանուել Մակրոնն էլ հայտարարեց, որ հենց տուժածներին է գումարը գնալու:

Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող - Նախևառաջ պետք է ասեմ, որ ահավոր, աննկարագրելի, աներևակայելի ողբերգություն է: Ես Բեյրութում 4 տարի աշխատել եմ, կապ եմ պահում այնտեղի ընկերներիս հետ: Ներկայումս Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համակարգման գծով ղեկավարը ևս Բեյրութում է, այնտեղ միացել է ՄԱԿ-ի աշխատանքներին և մասնակցում է պայթյունի հետևանքների արձագանքման միջոցառումներին: ՄԱԿ-ը, ի դեմս գլխավոր քարտուղարի, պատրաստ է այս ծանր ժամանակաշրջանում նեցուկ լինել Լիբանանի ժողովրդին: ՄԱԿ-ի համակարգմամբ արդեն մեծածավալ ծրագիր է մեկնարկել՝ կառավարություններից, անհատներից, լիբանանական Կարմիր խաչից, քաղհասարակության կազմակերպությունների տրամադրած միջազգային ռեսուրսները և ֆինանսավորումը ՄԱԿ-ի միջոցով են տրվելու անհատներին: Այս ողբերգության մասշտաբներն այնքան ահռելի են, որ պետք է ամբողջ աշխարհի ջանքերի միավորումը: Նախագահ Մակրոնի խոսքերի ոգին էլ հենց դա էր: Հայաստանի կառավարությունն էլ մեծածավալ օգնություն է տրամադրում: Մենք կապի մեջ ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մի քանի թռիչք է պատրաստվում դեպի Լիբանան՝ մարդասիրական օգնության համար: Գնալու են նաև փրկարարներ, որ պատրաստ են որոնողական աշխատանքներին միանալ: Կիրակի կհասնեն Բեյրութ:

«Լուրեր» - Պարոն Շարփ, .... ենթադրում եմ, որ այս օրերին շատ դժվար է այնտեղ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքը: Կապ հաստատե՞լ եք, ինչպե՞ս է այս օրերին այնտեղ ընթանում աշխատանքը, և ի՞նչ դժվարություններ են ունեցել:

Շոմբի Շարփ - Այո, միանշանակ, ՄԱԿ-ն էլ ձևավորվել է 2-րդ աշխարհամարտից հետո: Հիմնական նպատակն էր օգնել խուսափել նման արհավիրքներից ու հնարավոր պատերազմներից: Դժբախտաբար, այս ընթացքում շատ հակամարտություններ են եղել: Սակայն ՄԱԿ-ը բազմաթիվ գործիքներ ունի, որոնցով կարելի է խուսափել դրանցից: Օրինակ՝ քաջ հայտնի են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը: Մարդու իրավունքների ապահովումը և ամրապնդումը խաղաղության և անվտանգության համար մեկ փաթեթով են: Ակնհայտ է, որ հիմա համաշխարհային ճգնաժամ է, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր ազգերին հորդորել է ապահովել հրադադարները ցանկացած հակամարտությունների շրջանակում, երբ ամեն երկիր կանգնած է Քովիդ-19-ի ծանր մարտահրավերի առաջ: Ոչ միշտ է հնարավոր, բայց ամեն կերպ փորձում ենք սատարել խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված ջանքերին: Հայաստանի սահմանին, իհարկե, վերջերս չարաբաստիկ դեպքեր տեղի ունեցան, և հակամարտությունը սրվեց: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հստակ է արտահայտվել, խոսել քաղաքական ղեկավարների հետ և արտահայտել է ՄԱԿ-ի օժանդակությունը Մինսկի խմբի համանախագահների բանակցային գործընթացին: Այս համատեքստում չկա ռազմական լուծում, և խաղաղ լուծման հասնելու միակ ձևը Մինսկի համանախագահների ձևաչափն է:

«Լուրեր» - Խոսեցինք պատերազմական իրավիճակներից, դուք Բեյրութում եք աշխատել 2010-2014 թթ.՝ այն ժամականահատվածում, երբ Լիբանանը հետպատերազմյան շրջանում էր. կխնդրեի հիշել Ձեր աշխատանքները Բեյրութում, և այդ ընթացքում նաև հայերի՞ հետ եք շփվել, որոնց հետ հիմա է՞լ  եք կապ պահպանում:

Շոմբի Շարփ - Այո, իհարկե, ես միայն կյանքի շատ ուշ փուլում հասկացա, որ հայերի հետ իմ կապերը սկսվել են ծնվելուս օրվանից: Ես ծնվել եմ Լոս Անջելեսի հարևան Բըրբանք քաղաքում, որի հարևանությամբ բազմաթիվ հայեր են ապրում: Հետո աշխատել եմ Մոսկվայում, ապա՝ Բեյրութում, որոնք կրկին հայահոծ են: Լիբանանի ու Հայաստանի միջև կապերն ինձ համար հատկապես նշանակալից են: Լիբանանում իմ ամենամտերիմ ընկերը հայ էր, իսկ իմ ամենասիրելի ռեստորանը ևս հայկական էր, ու շատ ուրախացա, երբ Հայաստանում էլ նույնպիսի ռեստորան բացվեց: Ես շատ լավ ծանոթ եմ Բուրջ-Համուդում ապրող հայերին: Նաև բասկետբոլի մեծ սիրահար եմ ու «Հոմենթմենի» բազմաթիվ խաղերի եմ մասնակցել: Կարծում եմ՝ իսկապես, շատ կարևոր է, որ Հայաստանը Լիբանանի կողքին լինի ու աջակցի: Մենք աշխատում ենք հայ-լիբանանյան կառույցների հետ: Եթե տեսնենք, որ Լիբանանից Հայաստան գալ ցանկացողների թիվն ավելանում է, սերտորեն կաշխատենք միգրացիոն ծառայության հետ և կապահովենք, որ մարդիկ կարողանան ապրել այստեղ՝ Հայաստանում, և ստիպված չլինեն կյանքը շարունակել մեկ այլ՝ երրորդ երկրում, ինչը տեսանք Սիրիայի հակամարտության ժամանակ:

«Լուրեր» - Այսինքն՝ ՄԱԿ-ը ակտիվ մասնակցություն է ունենալու, որպեսզի լիբանանահայերը, որ վերադառնում են, ապաստան գտնեն Հայաստանում:

Շոմբի Շարփ - Միանշանակ: Հայաստան եկող միգրանտներին, որ մեծ մասամբ ազգությամբ հայ են, երկար տարիներ է՝ ուղղակի օժանդակություն ենք ցուցաբերում՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ գործակցելով: Նաև տնտեսական և այլ որոլտներում աջակցում ենք, որ մարդիկ այստեղ իրենց կյանքը կառուցեն:

«Լուրեր» - Տարբեր ոլորտներից խոսեցինք: Հիմա մենք խոսում ենք նաև դիմակով, և, իհարկե, անհնար է մոռանալ նաև համավարակի մասին, հետևանքները կանխարգելելու նպատակով տարբեր ծրագրեր են իրականացվում, ինչպես դուք նշեցիք, կխնդրեի նշել, թե քանի մարդ է օգտվել այդ ծրագրերից:

Շոմբի Շարփ - Դուք դիմակներից խոսեցիք, ԱՀԿ-ն ամբողջ աշխարհում դիմակ կրելու մեկ շաբաթ հայտարարեց: Այդպես մենք գնահատում, արժևորում և փաստում ենք, որ կառավարությունները հասկացել են դիմակի կարևորությունը: Մարտի սկզբից Հայաստանում մեկնարկել ենք 6 ոլորտում ճգնաժամային օգնության ծրագիր: Օրինակ՝ միջազգային մեր դոնոր կազմակերպությունների հետ Հայաստանին տրամադրել ենք 100 հազարավոր անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, դիմավահաններ և այլն:

«Լուրեր» - Դուք հետևո՞ւմ եք, մարդիկ դիմակ կրո՞ւմ են, ընդհանրապես:

Շոմբի Շարփ - Իհարկե, սկզբում կար մարտահրավեր: Հայերը, որպես հուզական կապերով իրար հետ սերտ կապված ժողովուրդ, բնական երևույթ չէին համարում համահամաճարակային կանոնները պահպանելը, սակայն կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը շատ ճիշտ արձագանքեց՝ դիմակների օգտագործումը խթանելով: Հիմա էլ սիրահարների այգում ենք, ու մեր շուրջբոլորը նայելով՝ կարող ենք նկատել, որ բոլորը դիմակով են: Սա շատ կարևոր է, քանի որ Հայաստանում մարդիկ չեն մոռանում համավարակի մասին՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ մոռացել են: Հենց այդ երկրներում էլ վերսկսվում է վարակը: Բայց մարդիկ չպետք է սկսեն մտածել, թե Քովիդն ավարտվել է, քանի որ շատ երկրներում հնարավոր է՝ երկրորդ ալիքը սկսվի, մենք ևս պետք է պատրաստ լինենք: Գուցե Հայաստանում դրական ազդի նաև այն, որ երկար ժամանակ պայքարելով համավարակի դեմ՝ բարելավվել է առողջապահական համակարգի որակը, սահմանափակվել են մահվան դեպքերը: ՄԱԿ-ը կոչ է անում, որ մարդիկ շարունակեն կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանան, պահպանեն սոցիալական հեռավորություն և խուսափեն մեծ միջոցառումներից: Շատ հնարավոր է, որ այսպես Հայաստանը կարողանա հաղթահարել համավարակը: Մենք աշխատում ենք Կառավարության, պարետատան հետ՝ վերցնելով երկրների լավագույն օրինակները, այսպես ասած՝ «սմարթ ռազմավարություն» ենք մշակում: Պիտի նշեմ նաև, որ օդափոխիչ սարքեր, տասնյակ հազարավոր թեստեր ենք հատկացրել, և ՄԱԿ-ի Մանկական գրասենյակը հարյուրավոր պլանշետներ է նվիրել դպրոցներին, որպեսզի երեխաները կարողանան մասնակցեն հեռավար կրթությանը, ուսուցիչների համար դասընթացներ ենք կազմակերպել: Հարյուրավոր ֆերմերների ենք օժանդակել, որ հաղթահարեն տեղի ունեցածի հետևանքները: Աշխատում ենք նաև սոցիալական հարցերի նախարարության հետ՝ դրամական և սոցիալական փաթեթներ ուղարկելով խոցելի խմբերի ընտանիքներին: Ավելի լավ պատկերացնելու համար ասեմ, որ 18 միլիոն դոլար մեր դրամաշնորհային ֆինասնավորումից վերաուղղորդել ենք, որ միասնական ջանքերն ուղղենք հաղթահարելու այս դժվարին ժամանակաշրջանը:

«Լուրեր» - Այսինքն՝ 18 միլիոն դոլարն ամբողջությամբ տրամադրվելու է դրա՞ն:

Շոմբի Շարփ - Այո, այո, ինչպես նաև նախապատրաստվում ենք համավարակի հնարավոր երկրորդ ալիքին, աշխատում ենք նաև փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակի հետ: Քովիդը դեռ երկար է շարունակվելու: Նույնիսկ պատվաստանյութ ստեղծելու դեպքում մինչև տարեվերջ չի հասնի Հայաստան: Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հետևանքներին, քանի որ մատակարարման շղթաներն աշխարհում խաթարվել են, շատ ձեռնարկություններ՝ փակվել: Սա գերազանց հնարավորություն է՝ մի ցատկով ավելի առաջ գնալու: Պետք է առիթն օգտագործել ու ասել՝ եկեք կանաչ տնտեսություն ստեղծենք, երիտասարդներին սովորեցնենք ավելի լավ տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին:

«Լուրեր» - (Ամբողջացնելով զրույցը....)

Շոմբի Շարփ- Ես սիրում եմ Լիբանանը, ինքս անձամբ 4 հիանալի տարի եմ այնտեղ անցկացրել: Այդ ընթացքում նաև լիբանանահայերին եմ շատ լավ ճանաչել, նրանք զարմանահրաշ, ստեղծարար, դիմակայուն մարդիկ են: Անգամ այս ողբերգության մեջ ես գիտեմ՝ եթե որևէ ազգ, որևէ երկիր կարող է վերականգնվել այս աղետից, լիբանանցիներն են: Միջազգային համայնքի օգնությունն էլ իհարկե կարևոր է: Թեպետ այս պահին ասածս կարող է մռայլ թվալ, բայց աշխարհի տարբեր ծայրերից Լիբանան հասնող բեռնված ինքնաթիռները ցույց են տալիս՝ միասին կարող ենք ձեռք ձեռքի տալ, որ Լիբանանը պայծառ ապագա ունենա...

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում