Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը՝ հանցավորության դեմ պայքարի միջոց

ՆՆարե Ոսկանյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման»  ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ապրիլի 16-ի նիստում:  Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը սահմանվել է 50 միլիոն դրամը: Օրենքով ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված  լիազորություններ, որից մեկն էլ հենց Գլխավոր դատախազությունում հանցավորության դեմ պայքարի, ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձմանն առնչվող  առանձին ստորաբաժանման  ստեղծումն է: 

Ստորաբաժանման գործընթացի վերաբերյալ  1lurer.am-ի  հետ զրույցում գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանն ընդգծեց, որ մոտ մեկ ամիս առաջ  տեղի է ունեցել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների, այդ ոլորտը համակարգող գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուների ցուցակների համալրման բաց մրցույթ: Դատախազ լինելու համար դիմել է 25  թեկնածու, տեղակալի համար՝ 3-ը:

Բանավոր քննություններն անկացրել է 11 անդամից բաղկացած՝ գլխավոր դատախազին առընթեր  որակավորման հանձնաժողովը: Դատախազի 25 թեկնածուներից դրական եզրակացություն է ստացել 7-ը: Տեղակալի համար հայտ ներկայացրած երեք անձանցից՝ մեկ անձ:  Ամիրյանը տեղեկացրեց, որ տեղակալն օրենքով ազատված է  Արդարադատության ակադեմիայում ուսում անցնելուց, իսկ մյուս յոթ թեկնածուներն  այժմ  սովորում են ակադեմիայում:

«Առաջին քննաշրջանն արդեն իսկ անցած շաբաթ ավարտվեց, հիմա երկրորդ փուլի դասերն են անցկացվում, և օգոստոսի վերջին երկրորդ շրջափուլի քննությունները տեղի կունենան, և երկու քննությունների  հանրագումարով նրանք, որոնք որ կհաղթահարեն նվազագույն անցողիկ շեմը, կստանան դրական գնահատականներ: Նրանք հնարավորություն կունենան հավակնել նշանակվելու նոր ձևավորվող ստորաբաժանման կազմում՝ որպես դատախազ և կառուցվածքային ստորաբաժանման այլ պաշտոններում՝ այդ թվում վարչության պետ, պետի տեղակալ և այլն»,-ասաց Կարեն Ամիրյանը:

Անդրադառնալով ստորաբաժանման ձևավորմանը՝ Ամիրյանը նշեց, որ հավանաբար օգոստոսի վերջին գլխավոր դատախազը  կկատարի նշանակումներ: «Որպեսզի համարենք, որ ստորաբաժանումը ձևավորված է, և այդ իմաստով օրենքը լիարժեք մտել է ուժի մեջ, հնարավոր է այն արդեն կիրառել,  պետք է, որպեսզի առնվազն  երեք դատախազ  նշանակվի այդ վարչությունում: Այդ 7 թեկնածուները, որոնք որ ուսումնառություն են անցնում արդարադատության ակադեմիայում , նրանցից  երեքի նշանակման դեպքում արդեն իսկ կհամարենք, որ վարչությունը  ձևավորվել է, և ըստ այդմ կդիտարկենք, որ  օրենքը լիարժեք կերպով մտել է ուժի մեջ: Զուտ ժամկետային տրամաբանությամբ՝ եթե  7-ից առնվազն  երեքը ստանան դրական եզրակացություն, այդ կանխավարկածով  սեպտեմբերի սկզբին նշանակումները կկատարվեն, բայց  դա գլխավոր դատախազի որոշման տիրույթում  է գտնվում, թե ովքեր կնշանակվեն»,-ասաց ավագ դատախազը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը  կնպաստի երկրում կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարին: Դիտարկմանն անդրադառնալով՝ Ամիրյանը կարևորեց այս ինստիտուտի ներդրումը: Նա շեշտեց, որ այն կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերից մեկն է, քանի որ մինչև այժմ էլ Հայստանում գործում են մի շարք  ընթացակարգեր, որոնց միջոցով պետությունը  պայքար է մղում կոռուպցիայի դեմ:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի հիմքում ընկած չէ միայն այնպիսի հանցանքների կատարումը, որոնք  ունեն միայն կոռուպցիոն բնույթ: Շատ կարևոր է այն շեշտադրումը, որ մենք այդ գործիքակազմը դիտարկենք ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, այլ ավելի լայն ասպեկտով՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում»,- ընդգծեց Կարեն Ամիրյանը:

 Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը կարևորեց հանգամանքը որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը  պայմանականորեն կարող է սկսվել վարչության ստեղծումով՝ սեպտեմբեր ամսից, բայց պետք է հասկանալ, որ հիմնումից երկու- երեք ամսվա ընթացքում արդյունք ակնկալելը սխալ է:

«Առավել ևս  խոշոր արդյունք ակնկալելը  կարող է ոչ լիարժեք կերպով արդարացաված լինել, քանի որ օրենքով  առկա են որոշակի ընթացակարգեր, որոնց միջոցով պետք է դատախազությունը ուսումնասիրություն կատարի և վերջում դիմի դատարան: Բռնագանձման վարույթը և դատական  գործընթացը ժամանակատար են: Սա որոշակի գործընթաց է, որը պետք է համբերատար, օրինական ճանապարհով  և համախմբված  առաջ տանենք»,- եզրափակեց Գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Կարեն Ամիրյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում