Սոցբնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ թոշակառուների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն

ՆՆարե Ոսկանյան

Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը կմեղմվի: Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին՝ նրանց սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման վարձավճարների դիմաց: Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը կսահմանի Կառավարությունը՝ պայմանավորված շահառուների թվի և ծառայությունների սակագների փոփոխությամբ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկայումս բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ը միայնակ են:

«2020 թվականին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է տարեկան 144 հազար դրամ, որն անկանխիկ եղանակով կփոխհատուցվի այդ նպատակով բացված  հաշվեհամարին: Փոխհատուցման իրավունքն ունեցող  շահառուների ցուցակը հաստատում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հիմք ընդունելով սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձանց կողմից տրամադրված շահառուների տվյալները: Սույն կարգի 8-րդ կետում նշված գումարը կանխիկացնելը կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է: Տարվա ընթացքում շահառուի փոխհատուցման տարեկան գումարը սպառելու դեպքում բանկն այդ մասին տեղեկացնում է նախարարություն, որն էլ իր հերթին անմիջապես տեղեկացնում է այդ սոցիալական տան պատասխանատու անձին»,- ասաց Բաթոյանը: 

Եթե տարվա համար նախատեսված գումարը պակաս է լինում շահառուի սպառած կոմունալ ծառայությունների վարձավճարների չափից, ապա մնացած գումարը փոխանցվում է պետական  բյուջե՝ բացառությամբ 2020 թվականի համար նախատեսված գումարի: Շահառուին տարվա համար հատկացված գումարի մնացորդը փոխանցվում է հաջորդ տարվա ծախսերի համար՝ որպես դեպոզիտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում