Թատրոնը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսվել է. ներկայացումները կլինեն բացօթյա

ՆՆունե Ալեքսանյան

Երևանյան արվեստի կենտրոններն աստիճանաբար վերադառնում են ստեղծագործական առօրյային, բնականաբար՝ բոլորովին այլ աշխատանքային պայմաններով ու նոր ձևաչափով: Առայսօր յուրաքանչյուր միջոցառում պետք է անցկացվեր պարետատան համաձայնությամբ, որի հետ տևական քննարկումներից հետո այժմ փորձում են խնդրին հիմնարար լուծում տալ:

Ամբողջ այս ընթացքում Արա Խզմալյանն ակտիվ հանդիպում-քննարկումներ է ունեցել ստեղծագործական կառույցների գեղարվեստական ղեկավարների ու տնօրենների հետ: Առանձին դեպքերում վտանգները լուրջ են՝ ամենօրյա փորձերին հաջորդած երկարատև պարապուրդը կարող է բերել մասնագիտական անդառնալի կորուստների:

Պարետատանը ներկայացված մշակութային օջախների վերաբացման առաջարկների փաթեթի գերխնդիրն, իհարկե, հանդիսատեսի անվտանգությունն է: Դիտարկվել են սոցիալական հեռավորության պահպանման, գծանշումների, ախտահանիչ սարքերի տեղադրման հարցերն այնպես, որ ֆինանսական բեռը մեծ չլինի:

Թատրոնների դեպքում արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ: Բացօթյա ներկայացումների համար կօգտագործվեն մայր թատրոնի դիմացի հրապարակն ու Ստանիսլավսկու թատրոնի բացօթյա տարածքը: Փոխնախարարը կատակում է՝ համավարակի պայմաններում թատրոնը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսվել է:

Արդեն օգոստոսի կեսերից թատերասերները հնարավորություն կունենան դիտել բացօթյա ներկայացումներ, իսկ խորհրդանշական մեկնարկը կտրվի օգոստոսի 1-ին՝ Հրանտ Մաթևոսյան կենտրոնում՝ մեծ գրողին նվիրված մոնոներկայացմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում