Ադրբեջանական բռնությանն աջակցող միակ երկիրը Թուրքիան է. աշխարհի արձագանքը

ՍՍոնա Աղբալյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զանգահարել է վարչապետ Փաշինյանին, ընդգծել, որ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, և վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Վարչապետը նկատել է` հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ սադրանքներն Ադրբեջանը ձեռնարկել է՝ հակառակ գլխավոր քարտուղարի՝ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու կոչին:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) -  Հավաստիացնում եմ Ձեզ, որ Հայաստանն արել է հնարավոր ամեն բան՝ ռազմական գործողություններին վերջ տալու և իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Փաշինյանը պարզաբանել է ադրբեջանական գործողությունների պատճառը՝ Ադրբեջանում ներքին ծանր իրավիճակը: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղ կարգավորմանը, կարևորել ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը և այդ հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացումը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանությունը հանրայնորեն մերժի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ընդունի, որ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կրկնել անհապաղ և լիարժեք լիցքաթափման, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու և բանակցություններին վերադառնալու իր կոչը:

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները հեռախոսով քննարկել են նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, զրույցին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Զոհրաբ Մնացականյան (ՀՀ ԱԳ նախարար) - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերն անփոխարինելի է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումն արձագանքներ է ստանում ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկել ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի՝ հատկացումների օրենքում փոփոխություն մտցնելու նախագիծը, որը կարող էր արգելափակել Արցախում ականազերծումը ֆինանսավորելու նախաձեռնությունը: ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական էլ օրակարգից հետ է կանչել նույնաբովանդակ այլ նախագիծ: Արցախն ականազերծելու համար 1.5 միլիոն դոլար ԱՄՆ-ն, հավանաբար, կհատկացնի: Աշխարհն այսպիսով վերահաստատում է աջակցությունը հարցի խաղաղ կարգավորմանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, միաժամանակ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի աջակցությունը, որը հերթական անգամ հայտնել է այդ երկրի նախագահը՝ նշելով. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում