Ազգային անվտանգության նոր ռազմավարության իրավական բաղադրիչը

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգն անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ: Իրավական առումով ի՞նչ շեշտադրումներ կան նոր փաստաթղթում, և հակակոռուպցիոն պայքարի ի՞նչ ռազմավարություն է մշակվել: Այս հարցերի շուրջ 1lurer.am-ը զրուցել է իրավագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ:

Իրավագետն ընդգծեց՝ տրամաբանական է, որ ազգային անվտանգության ռազմավարությունը բովանդակային և կառուցվածքային առումով ենթարկվել է որոշ փոփոխությունների, որովհետև նախորդ ռազմավարությունը հաստատվել է 13 տարի առաջ՝ 2007 թ. փետրվարին: Այդ տարիների ընթացքում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, փոփոխություններ, որոնցով պայմանավորված՝ մշակվել է նոր ռազմավարությունը: 

 ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

«Ռազմավարության մեջ կարևորվել են ժողովրդավարական ինստիտուտների հզորացումը և իրավունքի գերակայությունը՝ որպես ՀՀ ազգային անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքներ: Իրավական պետության կայացումը, իշխանության ճյուղերի տարանջատման և փոխզսպման սկզբունքը, սոցիալական արդարության ապահովումը, պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակը կայունության և զարգացման երաշխիքներ են համարվում: Հատուկ շեշտադրում է կատարված կոռուպցիայի դեմ անհանդուրժող վերաբերմունքին: Ազգային անվտանգության ռազմավարության դրույթների ներքո հստակ նշվել է, որ կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով սպառնալիք է պետության և հասարակական անվտանգության, կառավարման ժողովրդավարական համակարգի համար: Հայաստանը կոռուպցիայի հանդեպ որդեգրել է զրո հանդուրժողականության քաղաքականություն»:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմավարությամբ ընդգծվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը հանգեցնելու է կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանն ու զարգացմանը, պետական պաշտոնյայի բարեվարքության բարձր նշաձողի սահմանմանը: Աշխատանքներ են տարվելու հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ուղղությամբ:

«Այս առումով ցանկանում եմ շեշտադրում կատարել այն հանգամանքի վրա, որ նշված երեք ուղղությունները՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկվածություն, արդեն արտացոլված են 2019 թ. աշնանն ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, այս ուղղությամբ կատարված են որոշակի աշխատանքներ: Կանխարգելման ասպեկտի առումով արդեն իսկ ձևավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս հանձնաժողովին պարբերաբար տեղի ունեցող օրենսդրական փոփոխությունների առումով վերապահվում է շատ ավելի լայն գործիքակազմ՝  կապված հայտարարագրերի վերլուծության, պաշտոնյաների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, շահերի բախման կանոնակարգումների հետ»,- ասաց Շաթիրյանը՝ հիշեցնելով, որ օրեր առաջ էլ Կառավարության նիստում հավանության արժանացավ օրինագծերի փաթեթ, որով, ի թիվս գույքի եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի, նախատեսվում է երկրում ներդնել նաև ծախսերի հայտարարագրման համակարգ: Դրանով հայտարարատուների շրջանակի ընդլայնում է նախատեսվում: Այդ ցանկում կներառվեն նաև 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները, Երևանի ավագանու անդամները, համայնքապետարանների քարտուղարները  և որոշ այլ սուբյեկտներ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի առումով առաջիկայում կձևավորվեն երկու կարևորագույն մարմիններ: Մեկը որպես հետաքննություն և նախաքննություն, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական  գործունեություն իրականացնող սուբյեկտ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն է, որն ըստ էության հանդես է գալու որպես հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին: Ձևավորումը նախատեսվում է, ամենայն հավանականությամբ, 2021 թ. տարեսկզբին: Հաջորդ հակակոռուպցիոն մարմինը, ըստ էության, հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումն է՝ թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական մասնագիտացումների գծով: Առաջինները քննության կառնեն կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը, որոնց ցանկը սահմանված է Քրեական օրենսգրքով,  երկրորդները, նկատի ունեմ՝ քաղաքացիական մասնագիտացումը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված դիմումները և հայցադիմումները»:

ԱՆԿԱԽ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Ազգային անվտանգության ռազմավարության դրույթներում  տեղ է գտել հատուկ կետ, որը վերաբերում է  անկախ և արդյունավետ դատական համակարգի կայացմանը:

Նշվում է, որ անկախ և արդյունավետ դատական համակարգի կայացումը ռազմավարական նշանակություն ունի արդարության հաստատման և ժողովրդավարության ամրապնդման համար: Հայաստանը շարունակելու է դատաիրավական բարեփոխումները ինչպես դատարանների, այնպես էլ դատախազական և քննչական մարմինների գործունեության ոլորտներում: Շաթիրյանն ընդգծեց, որ ռազմավարությամբ նախատեսվում է, որ պետությունը շարունակելու է դատաիրավական բարեփոխումները, դատարանների ու իրավապահ մարմինների գործունեության բարելավումը, որը կհանգեցնի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության հաստատմանը:

 ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՆՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 Անդրադառնալով հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգին՝ Շաթիրյանն ասաց, որ,  օրինակ՝ դատախազության համակարգում արդեն իսկ ձևավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը:

«Գործունեությունը դեռևս չի մեկնարկել այն պատճառով, որ կազմում ընդգրկված դատախազների թեկնածուներն այս պահին համապատասխան դասընթացներ են անցնում: Դրանք կտևեն մինչև  օգոստոսի վերջ՝ Արդարադատության ակադեմիայում: Դրանից հետո համապատասխան ցուցակում ներառված դատախազները կնշանակվեն այդ ստորաբաժանման դատախազների պաշտոնում, կնշանակվի ստորաբաժանման ղեկավար, գլխավոր դատախազի տեղակալ, որը  կհամակարգի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթները, և դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կմեկնարկի»,- ասաց Շաթիրյանը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված անցումային դրույթները:

Շաթիրյանի խոսքով՝ որպես շղթայի շարունակություն պետք է դիտարկել նաև մասնագիտացված դատարանների ստեղծումը: Նա շեշտեց, որ նկատի ունի այն, որ հակակոռուպցիոն քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները քննության են առնելու հենց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին համապատասխան ներկայացված դիմումներն ու հայցադիմումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում