Ստեղծվել է գյուղատնտեսական վնասներն ուսումնասիրող հանձնաժողով. Տավուշի մարզպետ

ՆՆարե Ոսկանյան

Տավուշի մարզի Բերդ համայնքում ու սահմանամերձ գյուղերում մարդիկ  լիարժեք ներգրավված են իրենց աշխատանքում: Մեծ ծավալով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Կիրականացվեն նաև զարգացման ծրագրեր:

«Մենք կփորձենք համակ և ակտիվորեն զբաղվել այս տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով: Ցանկացած  խնդիր սահմանամերձ գյուղում լուծելով՝ լուծում ենք նաև մեր երկրի, պետության, սահմանի անվտանգության խնդիրը: Արձանագրված են բոլոր տնտեսական, քաղաքաշինական խնդիրները: Այսօր լրացուցիչ ևս մեկ  հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները: Հրետակոծությունների ժամանակ վնասվել են նաև գյուղական տարածքներ, անասնաֆերմաներ: Այսօրվանից կսկսենք նաև այդ աշխատանքները»,- ասաց մարզպետը:

Չոբանյանը տեղեկացրեց, որ ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որոնցում միջազգային կառույցների, տարբեր հասարակական կառույցների և գործընկերների ներգրավմամբ պետք է ակտիվ աշխատեն գյուղերում համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ: 

«Մեր կողմից նույնականացված  հարթակներով հավաքված բոլոր գումարներն ուղղվելու են տարածաշրջանների առաջնահերթ խնդիրների լուծմանն ու զարգացման ծրագրերի  իրականացմանը»,- ասաց Չոբանյանը:

Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանն անցկացնելու է ներդրումային հանձնաժողովի նիստ: Այն իրականացվելու է առցանց, և նպատակը ևս մեկ անգամ հիմնարար, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը կյանքի կոչելն է, որոնք պետք է ամրացնեն սահմաններն ու տնտեսությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում