Միջազգային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի սադրանքը. Բեղլոյան

ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները միջազգային հանրության դիտակետում են. 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով հայ- ադրբեջանական սահմանին զինված բախումների վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքին:

«Մենք արդեն ամեն վայրկյան, ամեն րոպե ստանում ենք նոր արձագանքներ մեր գործընկերներից:  Երեկվա դրությամբ ստացել ենք Իտալիայի, Գվատեմալայի, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի արձագանքը: Բազմաթիվ կոնգրեսականներ և հայկական բարեկամության խմբերի ներկայացուցիչներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Պետք է ասել, որ միջազգային հանրությունը կոշտ դատապարտում է Ադրբեջանի սադրանքը և ոտնձգությունը ՀՀ տարածքային անձեռնմխելիության հանդեպ: Կոչ է արվում պահպանել հրադադարը, վերադառնալ կառուցողական դաշտ և շարունակել բանակցությունները»,- տեղեկացրեց Անուշ Բեղլոյանը:

Պատգամավորը հայտնեց, որ Ադրբեջանի հարձակման առաջին իսկ ժամերից միջազգային հանրությունը իր անհանգստությունն  է հայտնել ծավալվող հակամարտության սրման առնչությամբ: Խորհրդարանը, ԱԳՆ-ն և պատկան մարմիններն անմիջապես կապ են հաստատել միջազգային կազմակերպությունների հետ՝ Եվրոպայի խորհրդի, Մինսկի խմբի համանախագահողների մոնիթորինգային խմբի նախագահի, ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի նախագահի, բարեկամական խմբերի և գործընկեր խորհրդարանների ղեկավարների հետ. տեղեկացրել են իրավիճակը, իսկ նրանց արձագանքը չի ուշացել:

Հուլիսի 15-ին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը դիմել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին և պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերին և արտահայտել իրենց մտահոգությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առնչությամբ: Անդրադառնալով նրանց դիմումին՝ Բեղլոյանը հայտնեց.

«Կոնգրեսականները դիմել են պետքարտուղարին՝ մատնանշելով, որ Ադրբեջանը երկար ժամանակ է՝ հրաժարվում է թափանցիկություն ապահովել իր ռազմական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև թույլ  չի տալիս մոնիթորինգ իրականացնել և չի տրամադրում տեղեկություններ, որոնք կարող են համոզիչ լինել, որ Ադրբեջանը չի պատրաստվում, սակայն արդեն իսկ պարզ է, որ պատրաստվում էր հարձակվել հայկական դիրքերի վրա: Մատնանշելով այդ փաստերը՝ կոնգրեսականները պահանջում են, որ ԱՄՆ պետդեպարտամենտն իր դիրքորոշումը հայտնի և դիտարկի, վերանայի  ֆինանսավորման, աջակցության հարցերը»,- ասաց Բեղլոյանը:

Հարցին, թե այժմ ի՞նչ նախաձեռնություններով են հանդես գալիս ադրբեջանական լոբբիստական կառույցները, պատգամավորն ասաց՝ ուշադրության կենտրոնում են պահում ցանկացած տեղեկատվական հոսք, որը տեղի է ունենում այս կապակցությամբ: Ըստ պատգամավորի՝ այս պահին զգալի կամ համեմատելի գործունեություն չեն նկատում այս ուղղությամբ:

Պատգամավորն ընդգծեց, որ ինտենսիվ աշխատանք է տարվում արտաքին ճակատում, մասնավորապես, Հայաստանի բոլոր բարեկամական խմբերի ղեկավարները նամակներով դիմել են իրենց գործընկերներին, բազմաթիվ խորհրդարանների պատգամավորներ, բարեկամական խմբերի անդամներ և ղեկավարներ իրենց զորակցություն են հայտնում: Բեղլոյանի խոսքով՝ նրանց դիրքորոշումը հստակ է՝ թույլ չտալ հակամարտության սրացում, վերադառնալ  բանակցությունների և վերականգնել խաղաղությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում