Ես չեմ համարում սա լավ լուծում, այդուհանդերձ համարում եմ լուծում. ԱԺ նախագահ

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մեխանիզմում փոփոխություն կատարելու և թեկնածու-անդամ առաջադրելու իրավունքը կոնսենսուսով ԱԺ խմբակցություններից ԱԺ նախագահին փոխանցելու առաջարկի մասին Միրզոյանի կարծիքը դրական չէ:

«Ասել, թե ես խորապես անտարբեր եմ այս առաջարկությամբ ինձ վերապահվելիք գործառույթին՝ կնշանակի ոչինչ չասել: Չեմ թաքցնի, որ իմ վերաբերմունքը շատ բացասական է: Ես չեմ համարում սա լավ լուծում: Այդուհանդերձ, ես համարում եմ սա լուծում, որովհետև մինչ այս լուծում չկար: Կարծում եմ, որ նույնիսկ հեղինակն ինձ հետ կհամաձայնի: Ես ավելի անկեղծ եթե ասեմ, ընդհանրապես, դեմ եմ մրցութային հանձնաժողովի գաղափարին: Հիմա՝ աբսուրդը: ԱԺ-ը կամ ԱԺ նախագահը առաջարկելու է թեկնածու մի խմբում, որտեղ հավաքվելու ու առաջարկելու են թեկնածու, որը հետ է գալու ԱԺ՝ քվեարկելու: Կներեք, իմ կարծիքով՝ սա ժամանակի վատնում է»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք,«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել: Գործող կարգավորման պայմաններում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին, դեռ ավելին՝ առաջադրման համար անհրաժեշտ է խմբակցությունների համախոհություն, որի բացակայության պարագայում, այսինքն` եթե արդյունքում թեկնածու չի առաջադրվում, նույն մարմինը թեկնածու է առաջադրում տասնօրյա ժամկետում: Նման կարգավորման պայմաններում գործնականում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր չի լինում ապահովել ԱԺ խմբակցությունների համախոհությունը, ինչը փաստացի Ազգային ժողովին զրկում է թեկնածուի առաջադրման հնարավորությունից և, միաժամանակ, մրցութային հանձնաժողովի ձեւավորման գործընթացը կանգնեցնում փակուղու առաջ:

Նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն:  Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում