Լիահույս եմ՝ անտեսանելի թշնամու դեմ պայքարում սահմանապահ զինվորների նման միասնական կլինենք. Ավինյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով արտակարգ դրությունը երկարաձգելու Կառավարության որոշումը, ասաց՝ այն բոլորի համար պետք է լինի ավելի մեծ զգոնության ազդակ:

«Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն:  Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից:  Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանումը: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու»,- ասաց փոխվարչապետը:

Ավինյանի խոսքով՝ այժմ դիտարկում են արտակարգ իրավիճակներում բնակչության  պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը: Հետագա կարգավորումների ընտրությունը կախված է լինելու համավարակի զարգացման տեմպերից:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ-ի ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացի, որոնք կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք աշխարհի  տարբեր երկրներից, տեղափոխվել են Հայաստան: Նրանցից 2200-ի տեղափոխումը բարերարների աջակցությամբ, նաև վարած բանակցությունների շնորհիվ իրականացվել է անվճար: Պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա  իրականացված թռիչների արդյունքում Հայաստան է  վերադարձել  ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացի:

«Ընդհանուր առմամբ համավարակի կառավարման շրջանում  առանձին ուղղություններով իրականացվող աշխատանքների մոնիտորինգը ցույց է տալիս,  որ մի շարք դեպքերում դեռևս չկա արդյունավետության ցանկալի մակարդակը, ինչը հնարավորություն կտար վարակի տարածումը շեշտակիորեն նվազեցնել: Միայն նոր դեպքերի զրոյացմամբ կարող ենք դիտարկել լիարժեք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, ինչը նշանակում է գործող սահմանափակումների աստիճանական վերացման սցենարի գործարկում՝ թվերի նվազման հետ զուգահեռ»,-ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ պարետատանն աջակցող փորձագետների թիմի վերլուծությամբ հունիսի 28-ի դրությամբ վարակի վերարտադրման գործակիցը  կազմել է 0.8 և շարունակում է անկման միտումը: Ավինյանը շեշտեց, որ այս արդյունքին էապես նպաստել են հակահամաճարակային կանոնների պահպանումը, եղանակային գործոնը:

«Նման միտումի պահպանման պարագայում գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 նոր վարակակիրների արձանագրված դեպքեր:  Կանխատեսումները շատ նախնական են»,- ասաց Պարետը՝ հավելելով, որ երկրում կորոնավիրուսի կանխարգելման ռազմավարական ընդհանուր մոտեցումների համատեքստում ընթացիկ իրավիճակին համահունչ՝ պարբերաբար մշակում և վերանայում են տարբեր սցենարներ: Ավինյանը շեշտեց, որ ցանկացած պահի, երբ  տեսնեն, որ առողջապահության համակարգն այլևս ի վիճակի չէ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու են սահմանափակումներ կիրառել՝ բացառապես 100 տոկոսանոց վերահսկելիության ապահովման նախապայմանով:

«Լիահույս եմ, որ անտեսանելի թշնամու դեմ պայքարում սահմանապահ զինվորների նման միասնական կլինենք և համատեղ կհաղթահարենք այս դժվարությունը ևս»,-շեշտեց Տիգրան Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում