Ավիամոդելավորման և թվային մարքեթինգի մասնագետը համավարակի օրերին թեյի արտադրություն է սկսել

ՆՆարեկ Սահակյան

Ութնամյա Տիգրանն է: Սեփական վիդեոբլոգով շատերին է ներկայացնում Արցախի գեղատեսիլ բնությունն ու պատմամշակութային վայրերը: Ոգևորվել է խոտաբույսերով թեյ արտադրելու եղբոր գաղափարով և որոշել գովազդել այն:

Տիգրան Գաբրիելյան - Առաջին անգամ, որ խմեցի, շատ ուրախացա, որ մենք կարողանում ենք այդպիսի թեյեր պատրաստել և ասեցի՝ Դավի՛թ, կարող ենք նաև խանութներում դնել: Դե հիմա խանութներում արդեն կա:

Դավիթը վաղուց էր ուզում թեյ արտադրել, բայց աշխատանքային գրաֆիկը հագեցած էր: Ավիամոդելավորման և թվային մարքեթինգի մասնագետը կարանտինից օգտվել, ժամանակ է գտել սարերը բարձրանալու ու խոտաբույսերը հավաքելու համար:

Դավիթ Գաբրիելյան - Խոտաբույսերի հավաքման պրոցեսը մեզ մոտ միշտ եղել է, քանի որ մինչև բրենդ ստեղծելը, մեզ համար, ընտանիքի համար հավաքում էինք տարբեր խոտաբույսեր և օգտագործում էինք առօրյա պրակտիկայում: Դա էլ իր հերթին նպաստեց, որ բրենդում օգտագործենք այն խոտաբույսերը, որոնք հավաքում էինք ինքներս:

Ֆեյսբուքում քվեարկությամբ արցախյան խոտաբույսերով թեյը կոչվեց Նախշուն: Տարբեր խոտաբույսեր խառնելով՝ առայժմ արտադրում են 4 համային տեսակի թեյ: Դիմում են մասնագետներին, որ ոչ թե վնասեն, այլ նպաստեն մարդկանց առողջությանը:

Դավիթ Գաբրիելյան - Ունենք թեյեր, որոնք ճնշում են կարգավորում, ունենք թեյեր, որոնք սրտի աշխատանքին են նպաստում, և բոլոր բույսերի հատկություններն ուսումնասիրված են մեզ մոտ: Այսինքն՝ չկա մի բույս, որից մենք տեղյակ չենք, բայց օգտագործում ենք: Բոլոր բույսերի հատկությունները, քիմիական բաղադրություններն ուսումնասիրված են, և ճշտված է՝ ինչը ինչի հետ կարելի է խառնել:

Խոտաբույսեր մթերելու առաջարկները մերժել են Գաբրիելյանները, քանի որ ճամփեզրից բույս չեն հավաքում, հետո էլ՝ սա ընտանեկան բիզնես է: Մեկ ամսում արդեն 150 տուփ թեյ են վաճառել: Տիգրանի բլոգի օգնությամբ նաև արտասահմանից են արձագանքում:

Տիգրան Գաբրիելյան - Տուրիստները գրում էին, ասում էին՝ ամռանը գալու ենք Ասկերան, գանք ձեր տուն, և մեզ կտանես անտառներ, բարձր լեռներ, որ միասին հավաքենք խոտաբույսեր և պատրաստենք թեյեր:

Թեյի արտադրությանը զուգահեռ Գաբրիելյանների ընտանիքը նաև չրերի ու մուրաբայի արտադրություն է սկսում: Տուփերին արցախյան բանահյուսության նշխարներ են, հիմնականում՝ բարեմաղթանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում