Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն․ մարզպետը շրջել է բաժանմունքներում, ինչպես նաև հանդիպում ունեցել ԲԿ-ի ղեկավարության ու բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը:
Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին արտակարգ իրավիճակի այս պայմաններում կատարած աշխատանքի համար, նրանց հետ քննարկել է համավարակի դեմ պայքարի ներկա վիճակը, հիվանդների բուժման արդյունավետության ու հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր։
Մարզպետարանը տեղեկացնում է նաև, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետևյալ պատկերը․
Ընդհանուր՝ 250 հաստատված դեպք․
Գրանցվել է 3 մահ,
151 հոգի բուժվել է,
96 հոգի հիվանդ է, որից՝
34 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
1 հոգի հոսպիտալացված է Երեւանում
61 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․
16 հոգի՝ Կապանից,
11 հոգի՝ Գորիսից,
48 հոգի՝ Սիսիանից,
17 հոգի՝ Մեղրիից։
1 հոգի՝ Տաթևից,
3 հոգի՝ Գորայքից։
Նշվում է, որ Սիսիանում ու Մեղրիում վարակի նոր բռնկումները արդյունք են հերթական անխոհեմ հավաքների՝ ծնունդ, հոգեհանգիստ և այլն․․․ Մարզպետարանը կրկին ու կրկին պահանջում է չանտեսել կոչերը՝ հետևել սահմանված կանոններին, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները։
Երիտասարդ համաքաղաքացիներին մարզպետարանը հորդորում է հարգանքով ու օրենքով սահմանված կարգով վերաբերվել ոստիկանության աշխատակիցներին և ստուգումներ ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական տեսչական մարմինների ներկայացուցիչներին։