ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ՇՇողիկ Գալստյան

Ազգային ժողովը քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում, երկուսի վերաբերյալ էլ ներկայացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

Պետաիրավական մշտական հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրեց Արուսյակ Ջուլհակյանը՝ նշելով, որ հանձնաժողովում նախագիծը քննարկվել է և ստացել միաձայն դրական եզրակացություն:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրեց, որ նախագծերի կատարման հիմնական նպատակը կենսաթոշակի իրավունքի ապահովումն է ՍԴ դատավորների համար, որոնց լիազորությունները Սահմանադրության փոփոխությունների արդյունքում դադարեցվել են:

«Բնականաբար, Սահմանադրության փոփոխությունից հետո, քանի որ միաժամանակ հնարավոր չէր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն էլ փոփոխել, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են Սահմանադրությանը, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի մասին անցումային դրույթները»,- նշեց նախարարը:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Քանի որ նախագծերի փաթեթում կա սահմանադրական օրենք, այն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի և Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագիծն ընդունվեց 80 կողմ և մեկ դեմ ձայներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում