Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում

ՄՄերի Եգորյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են՝ «Աստղային հնչյունները» (Starsounds) հետաքրքրաշարժ նախագիծը, որը ներկայացնում է ստեղծագործություն՝ կազմված աստղերից արձակվող ալիքներից, համադրված  բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով, արդեն հասանելի է համացանցում։

Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։

2005 թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքելով աստղերից արձակվող ուլտրաձայնային հնչյունները, դրանք միավորել է մի մեծ գրադարանում։ «Սթարմուսն» ու աստղային երաժշտության գրադարանը ոգեշնչել են բազմաթիվ ստեղծագործողների։ Արդյունքում՝ այսօր մենք ունկնդիրն ենք դարձել աստղերի դյութիչ հնչյունների։

«Աստղային հնչյունները» (Starsounds) «Սթարմուս» (STARMUS -  Stars and Music) գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անցկացվում է Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի կիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։

Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին լսելի մակարդակի։ Այնուհետև՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների և Արեգակի սկավառակի պատկերներով։

2021 թ. «Սթարմուս» (STARMUS) փառատոնը հյուրընկալվելու և անցկացվելու է Հայաստանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում