«Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստանի»՝ ՍԴ դիմելու հարցով ստորագրահավաքին

ՌՌոզա Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստանի»՝ ՍԴ դիմելու ստորագրահավաքին. այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իրենք այդ օրենքը ՍԴ-ում կվիճարկեն հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ն քննարկի մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումը:

«Էս հարցով զբաղվողները պնդում են, թե իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ երկրորդ նախագահի գործի: Մենք մինչ այս պահը որևէ ձևով չենք արձագանքել նման պնդման: Հենց այն օրը, որ օրը ԱԺ-ն քննարկում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ նիստ է արել և որոշել է՝ երկրորդ նախագահին առնչվող գործը կքննեն հուլիսի 7-ին: Մենք դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք: Դիմումի վրա կաշխատենք մինչև այն պահը մինչև այդ գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդրների հետ կապված հակասահմանադրական ճանաչելու դիմում»,-նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ իրենց կարծիքով նախագծով ոչ թե երեք, այլ երկու դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել:

«Մեր մոտեցումը եղել է այն, որ իրենց գործողությունը պետք է աներկբա, զուլալ մնա իրավական՝  որևէ ձևով չպետք է ծառայի գործող իշխանության շահերին կամ նախկին  իշխանությանը: Որոշումն այս ձևով է  ընդունվել»,- շեշտեց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որի համաձայն կդադարեցվի ՍԴ նախագահի և երկու անդամի պաշտոնավարումը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ նախաձեռնում է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ-ն դիմել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝  ստորագրահավաքին միանալու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում