Բնակչության համար գազի սակագինն անփոփոխ կմնա

ՆՆարե Ոսկանյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկեց սպառողներին վաճառվող բնական գազի վերանայման հարցերը:  

Օրակարգի առաջին հարցով առաջարկվում է «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից բնական գազի փոխադրման սակագինը սահմանել 1000 խորանարդ մետրը 7790. 832 դրամ՝  առանց ԱԱՀ-ի, կամ  9348.998 դրամ ԱԱՀ-ով: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  հանձնաժողովի 2016 թվականի  մայիսի 31-ի որոշումը և նախագիծն ուժի մեջ դնել 2020 թվականի հուլիսի 19-ից:

Օրակարգի երկորդ հարցը ներկայացնելիս ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն ասաց, որ եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը:

Երրորդ հարցով առաջարկվում է. հաշվի առնելով Կառավարության որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկել՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ:

Առաջարկվում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Սոցիալապես անապահով սպառողների համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի սակագինն էլ առաջարկվում է թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանվեց 224 դոլարին համարժեք դրամ:

Մյուս սպառողների, այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար, ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար առաջարկվում է սահմանել 139 հազար դրամ 1000 խմ-ի դիմաց, իսկ 10 հազար խմ-ը գերազանցող գազի դեպքում՝ յուրաքանչյուր 1000 խմ-ի համար սակագինը՝  255.92 դոլարին համարժեք դրամ:

Հայաստանի գազամատակարարման համակարգում լիցենզավորված գործունեություն է իրականացնում  երկու ընկերություն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Տրանսգազ»-ՍՊԸ-ն: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իրականացնում է  բնական գազի ներկրումը, բաշխումը և վաճառքը սպառողներին, իսկ «Տրանսգազ» ՍՊԸ-ն՝ բնական գազի փոխադրումը և գազի ստորգետնյա պահեստարանների շահագործումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում