«Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճով և համոզմունքներով. Սիմոնյան

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման քննարկման ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այսօր ստեղծված է հնարավորություն՝ հասկանալ և քննել՝ արդյոք ընտրակաշառքի հետ կա՞պ է ունեցել դահլիճում նստած որևիցե քաղաքական ուժի ներկայացուցիչ:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ քննարկվում է մի հարց, որով կոնկրետ մեղադրանք է ներկայացվում, իսկ դահլիճում ավելի շատ խոսվում է ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների կամ գլխավոր դատախազի մասին:

«Մենք դատախազին այստեղ չենք քննարկում, քրեական գործ ենք քննարկում և քննարկում ենք հնարավորություն տալ գործի շրջանակում հասկանալ, թե ինչ է կատարվել՝ 20 միլիարդ դոլար կամ դրամ մուտքի մասին է խոսվում: Մեր գործընկերները «Բարգավաճից», պարոն Ծառուկյանն է այդ մասին խոսում: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ գումարի ծագումնաբանությունից: Միգուցե խոսենք այդ գումարի ծագումնաբանությունից: Ես կարծում եմ, եթե պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, հասկանալի կլինի, թե ինչու այդ, այսպես ասած՝ առաջարկի հետ կապված եղել է այլ գործընթաց»,- ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե վարչապետն ասել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան: 

«Պարոն Մարուքյան, այս քննարկումը հենց դրա վառ ապացույցն է, որովհետև օլիգարխն այն մարդն է, որը պետական կառավարման մեջ լծակներ ունի և կարողանում է իր շահի համար ինչ-որ ազդեցություն ունենալ պետական որոշումների, ԱԺ որոշումների վրա, իսկ այս քննարկումն այն բանի ապացույցն է, որ, այո, Հայաստանում հեղափոխությունից այս կողմ օլիգարխ չկա»,- ընդգծեց Սիմոնյանը՝ շեշտելով, որ «Իմ քայլը» խմբակցության անունից ուզում է ասել, որ «Իմ քայլի» պատգամավորները կքվեարկեն իրենց խղճից և համոզմունքներից դրդված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում